Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա
Այսօր Երջանկության միջազգային օրն է։
Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է՝ ամեն օր երջանկության օր է, եթե այն իմաստավորված է և բովանդակությամբ լի:
Հայր Սուրբի խոսքով՝ Քրիստոնյայի համար իրական երջանկությունն աստվածճանաչողությունն է, և Աստծո պարգևած կյանքի ամեն պահի համար Նրան գոհություն հայտնելը:
«Հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել, շփվել ընտանիքիդ, հարազատներիդ և ընկերներիդ հետ, դժվարություններ հաղթահարել, ուրախանալ և ուրախացնել ուրիշներին, տառապել, չարչարվել, բայց այդ ամենից հաղթանակած դուրս գալ:
Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար, որը պահանջում է համբերատարություն, պատասխանատվություն և սեր ամեն ինչում:
Երջանի՛կ եղեք և երջանկացրե՛ք ձեզ շրջապատող մարդկանց, հաճա՛խ ժպտացեք, լավատե՛ս եղեք, հոգո՛վ եռացեք և Տիրո՛ջը ապավինեցեք»,- հավելել է Հայր Զաքարիան։



