«Բացի ոստիկաններից, քաղաքացիական հագուստով անձինք ևս կան, ենթադրում եմ՝ ոստիկանության աշխատակիցներ են. իրենք էլ հավիտենական չեն, իրենք էլ կհեռացվեն»». Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Այսօր վաղ առավոտյան Ռազմական ոստիկանության մի քանի ներկայացուցիչներ մեքենաներով գտնվում էին Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, թե ինչու՝ ոստիկանները որևէ բացատրություն չտվեցին եկեղեցու քահանային՝ Տեր Պսակ Մկրտչյանին։

Երեկ երեկոյան Տեր Պսակ քահանան էր ահազանգել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Զինված ուժերում այլևս չի գործելու գնդերեցների ինստիտուտը, այսինքն՝ հոգևորականներ այլևս բանակում չեն լինելու։

Քիչ առաջ Տեր Պսակը 168.am-ին փոխանցեց, որ գրեթե 2 ժամ առաջ ոստիկանության աշխատակիցները եկեղեցու բակից դուրս են եկել և տեղափոխվել են եկեղեցու ներքևի հատվածի ճանապարհին։

«Բացի ոստիկաններից ու ոստիկանական մեքենաներից, այլ մեքենաներ ևս կան, քաղաքացիական հագուստով անձինք ևս, ենթադրում եմ, որ ոստիկանության աշխատակիցներ են կամ այլ ուժայինի ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Այս ոստիկանների ներկայությունը տարօրինակ էր եկեղեցու բակում, որովհետև այսքան տարի չէր եղել։ Փորձեցինք ճշտել, ոստիկաններին հարցրեցի, թե ի՞նչ են անում, ոստիկաններից մեկը պատասխանեց, թե իրավունք ունի մեր հարցերին չպատասխանել»,- նշեց հոգևորականը։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի երեկվա որոշմանը, Տեր Պսակ քահանան ասաց՝ գնդերեցների կառույցը լուծարելը հենց հակաեկեղեցական արշավի ծիրի մեջ է։

«Ենթադրում եմ, որ իրենք իրենց նպատակին չհասան գնդերեցներին իրենց կողմը քաշելու՝ ստիպելու, հորդորելու, համոզելու, որպեսզի միանան իրենց կեղծ օրակարգին։ Հենց դրա հետևանքն էլ եղավ սա, իշխանությունների քայլերի հաջորդականությունը ստիպում է, որպեսզի նման ենթադրություն անենք։

Զինված ուժերում գնդերեցների բացակայությունը, վստահ եմ, ցավոք, որոշ ժամանակ հետո զգացնել է տալու։ Նույն սպաներն ու զինվորները պիտի փաստեն, թե ինչքան բացասական է անդրադառնում, երբ հոգևորականը ներկա չէ իրենց կյանքում, իրենց ծառայության մեջ՝ իր խորհուրդներով, աղոթքներով ու բարի գործերով։

Հուսամ, այս ամենը շուտ կավարտվի ու կգան ժամանակներ, երբ մեր հոգևորականն իր ուրույն տեղը կունենա մեր ազգային բանակում»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ՝ «Վեհափառին բոլոր միջոցներով հեռացնելու են», հոգևորականը նկատեց.

«Ես նրա ասածները չեմ մեկնաբանի, բայց վստահ եմ՝ Վեհափառ հայրապետն անհողդողդ է, հաստատակամ։ Երբ ասում է, որ՝ «Վեհափառը պետք է հեռացվի», դա կարող է պորյեկտել նաև իրենց վրա, վստահ եմ, որ ժողովուրդն իր ձայնը կբարձրացնի, որովհետև իրենք էլ հավիտենական չեն, իրենք էլ կհեռացվեն»։

Տեսանյութեր

Լրահոս