Բացահայտվել է, թե որ դեպքում Հունգարիան կարող է դադարեցնել Կիևին տրամադրվող վարկի արգելափակումը
Հունգարիան կարող է դադարեցնել Եվրամիության կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը, եթե ԵՄ-ն առաքելություն իրականացնի «Դրուժբա» նավթամուղի ստուգման համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ներկայանալ չցանկացած հունգարացի պաշտոնյայի։
Reuters-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային ուղղված նամակում խնդրել է ԵՄ-ին ստուգել «Դրուժբա» նավթամուղը, որի միջոցով Ուկրաինան դադարեցրել էր նավթի հոսքը: Reuters-ի փոխանցմամբ՝ Օրբանը գրել է, որ տեղյակ է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման ուշացման պատճառով առաջացած դժվարությունների մասին:
«Հունգարացի պաշտոնյան Politico-ի հետ զրույցում հայտարարել է՝ նրանք կընդունեն ստուգող առաքելության կողմից կայացված ցանկացած որոշում: Սա կարող է լինել Ուկրաինային տրամադրվող վարկն արգելափակումից հանելու միջոց»,- նշվում է հրատարակության մեջ:



