Իմ սխալները չանե՛ք․ 2018-ին արժեքներս խեղված էին, ինքնության զգացում չունեի․ Անի Թովմասյան (Շպռոտ)

Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը լայն թափով շարունակվում է։ Այս ֆոնին երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) բավականին ակտիվ է սոցցանցերում՝ քննադատում է իշխանությունների քայլերը, նաև հոգևոր զրույցների շարք է սկսել Եկեղեցու սպասավորների հետ։

168am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ Եկեղեցին թիրախավորվեց, և Եկեղեցու հավատացյալների անելիքը ո՞րը պետք է լինի այս իրավիճակում, ի՞նչ կերպ պետք է ցույց տան իրենց հավատարմությունը Եկեղեցուն։

Ի պատասխան՝ երգչուհին նախ հիշեցրեց, որ Եկեղեցին Քրիստոսի Սուրբ մարմինն է և անպարտ է․ «Քրիստոս չարին հաղթելուց հետո հիմնեց Եկեղեցին և պատվիրեց, որ մնանք Եկեղեցու ներսում և ոչ թե դրսում։ Մենք՝ հավատացյալներս, ովքեր ներսում ենք, Քրիստոսի մարմնի անբաժան անդամներն ենք։ Աչքը չի կարող հրաժարվել քթից և կտրել։ Եկեղեցու իմաստը միաբանությունն է։

Եկեղեցու անդամները տարբեր գործ են անում․ կան հասարակ հավատացյալներ, հոգևոր այրեր, ովքեր ծառայում են Աստծուն և ժողովրդին, ունենք նաև Վեհափառ, ով այդ մարմնի Հոգևոր հսկիչն է և ղեկավարը։ Իսկ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Հիմա Եկեղեցու ներսում յուրաքանչյուր պառակտում չարից է։ Դրսից հարձակումներին դիմակայելն ավելի հեշտ է, քան ներսի պառակտմանը։ Ներսինը՝ եղբայրներիդ հետ գործ ունես, և ավելի հոգևոր առումով գիտակ մասսա է։ Պետրոս Առաքյալը, երբ խնդիր ունեցավ Պողոս Առաքյալի հետ՝ նրանք բանավիճեցին, և վեճը չհաղթեց։ Գիտեք՝ ի՞նչը հաղթեց․ Պետրոսի խոնարհությունը։ Իսկ Պետրոսը Եկեղեցու անկյունաքարն է։ Պողոսը դեռ նոր էր։ Բայց ինչ ենք տեսնում՝ Պողոսը էգոյի խնդիր չուներ։ Պողոսը, լինելով բարձր, էգոյի խնդիր չուներ, բայց մեր հոգևոր այրերից ոմանք էգոյի խնդիր ունեն։ Որ օրը խոնարհվեն՝ ներքին հոգևորականների խնդիրը կլուծվի»։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ, իշխանությունը, իմանալով որոշ հոգևոր այրերի էգոյի մասին, օգտվեց առիթից, որ Եկեղեցու սիստեմը փոխի․

«Այսինքն՝ կառույցը պահում է, բայց իր մարդկանց է ուզում բերել․ այն մարդկանց, ովքեր Արցախը չեն համարի հայկական, Արարատը չեն համարի հայկական։ Բայց որպեսզի իր մարդկանց բերի, պետք է գլխից սկսի։ Այստեղ իշխանությունը ստում է, որ ասում է՝ Վեհափառը սրբակենցաղ չէ։ Քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ով էլ գա իրենց թիմից՝ սուրբ չէ։ Հարցը  հայրենասեր հոգևորականներին հեռացնելն է և բերել փափուկ, շուտ համաձայնվող մարդկանց։ Սա է իշխանության պատճառը՝ ըստ իս»։

Ինչ վերաբերում է հավատավոր ժողովրդի անելիքներին, ապա, ըստ նրա՝ պետք է հավատարիմ մնալ Քրիստոսին և մեր հոգևոր հայրերին։

«Բայց քանի որ Եկեղեցում ունենք որոշ ծույլ և փողասեր քահանաներ, ժողովրդի հիասթափությունը շատացել է։ Այդ իսկ պատճառով կարող ենք տեսնել եղբայրների, ովքեր բարեփոխումներ են ուզում։ Որը արդար է, արդար ցանկություն։ Բայց մի բայց կա։ Եկեղեցու բարեփոխումը, երբ իշխանության ձեռքով է, մեծ վտանգ կա կորցնել մեր արժեքները։ Այսինքն՝ ունքը հանելու փոխարեն՝ աչքը հանվի։ Եկեղեցու բարեփոխումն Աստված է անում, այն դանդաղ և աշխատատար պրոցես է։ Նիկոլը չի կարող մասնակցել, սա միաբան աշխատանք է։ Գումարելիների տեղերը փոխելուց, գումարը չի փոխվում։ Այսինք, եթե էգոյի խնդիր կա, պիտի ապաշխարություն լինի, ոչ թե անդամահատում։

Մեր Եկեղեցին հրաշալի կանոնակարգ ունի, եթե հետևենք, ամեն ինչ տեղը կընկնի։ Դրա համար քաղաքական գործիչներն իրավունք չունեն խառնվեն այդ գործին, քանի որ իրենք էլ էգոյի խնդիր ունեն։ Բոլորս ունենք էգոյի խնդիր։ Պիտի աղոթենք, որ Սուրբ Հոգին մեզ օգնի։ Իշխանության մեջ էլ եկեղեցու անդամներ կան։ Եվ եթե ուզում են օգնել այդ մարմնին, պետք է ոչ թե կտրեն, այլ օգնեն, որ մոտենանք Քրիստոսին։ Ամեն մարդ իր գործով պիտի ծառայի, որովհետև Քրիստոս ինքն էլ ծառայեց։ Սա է սխեման։ Սրանից դուրս ամեն քայլ կեղծ է և քաղաքական։ Սիստեմը փոխվել է, երբ Նիկոլն եկավ, իսկ Եկեղեցու անդամներից շատերն այդ սիստեմի հետ համաձայն չեն, որովհետև վտանգ կա՝ երբ փոխես հոգևոր այրերին, կվնասես Եկեղեցու դարավոր եկած կանոնները, կվնասես մեր ինքնությունը և մեր արժեքները։

Այդ վտանգը չեն տեսնում նոր սիստեմի ջատագովները։ Ես տեսնում եմ վտանգ․ Եկեղեցու պառակտման վտանգ։ Դրա համար, երբ սիստեմ է փոխվում, Եկեղեցուն չպիտի դիպչեն, ինքն իրենով կինքնամաքրվի, որովհետև Եկեղեցում կա ներելու և կարեկցանքի պատվիրան, կա մեղք գործելու և ապաշխարելու շանս։ Սա Հոգևոր դաշտ է, որի Գլուխը անտեսանելի է, բայց շատ ռեալ։ Էնպես որ, պետք է ամեն մեկս մաքրվենք մեր մեղքերից, մեր էգոյից և վստահենք աներևույթ Աստծուն, որ գործի։ Աստված կմաքրի»։

Նա նշեց, որ շրջապատի կողմից իր նկատմամբ ճնշումները շատ են․ «Բոլոր կողմերից են ինձ փորձում լռեցնել։ Բայց կարծում եմ, որ չպիտի վախենանք հարցեր տալուց և Հայրենիքի համար պայքարելուց»։

Հարցին՝ 2018-ին ինքն էլ էր բավականին ակտիվ սատարում Նիկոլ Փաշինյանին, ո՞ր պահից հասկացավ, որ սխալվել է, նա պատասխանեց․

«2018-ին ես իմ գաղափարներով էի նիկոլական։ Ես շատ պրոգրեսիվ ու լիբերալ դեմք եմ եղել։ Օտարամոլ։ Այդ ժամանակ արժեքներս խեղված էին, և ինքնության զգացում չունեի։ Իմ աշխարհը փոխվեց, երբ գնացի Առաքելական Եկեղեցի և ինձ տվեցին պատմիչ Եղիշեի գիրքը և Սուրբ Տաթևացու գիրքը։

Շնորհալի կարդացի ու նոր հասկացա հային։ Մանդակունի ու Այգեկցի, Նարեկացի․․․ Երբ էգոս գլուխ է բարձրացնում՝ Հովհան Ոսկեբերան և Կյուրեղ Երուսաղեմացի։ Այս գրքերն ինձ տվեց Առաքելական Եկեղեցու ուսուցիչ, աստվածաբան Հայկ Մադոյանը և կյանքս փոխվեց։ Ես առաջին անգամ ինձ լիարժեք հայ զգացի, և դա այնքան հաճելի էր․․․»։

Հարցին՝ Ձեր լսարանը, հետևորդները հիմնականում երիտասարդներն են, ի՞նչ կասեք այն երիտասարդին, ով հիասթափված է հայաստանյան ներկայիս իրականությունից և փորձում է «ամեն ինչից հեռու» մնալ, նա պատասխանեց․

«Երիտասարդներին ինչ էլ ասեմ, իրենք իրենց սխալների վրա են սովորելու։ Բայց որպես մեծ քուրիկ՝ կխնդրեմ, որ գնան Պատարագի ու գտնեն Եկեղեցում ընտանիք։ Եկեղեցին Նոյան Տապանն է, ապահով է ու Աստծո տունն է։ Թող մտերմանան Քահանայի հետ՝ ում կսիրեն։ Ու թող կարդան Նոր Կտակարանը, որ հետո քարոզեն։ Ամեն Հայ երիտասարդ պիտի վկայի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Վստահեք Աստծուն և Եկեղեցուն։ Աղոթեք, ընկերացեք Տիրոջ հետ ու իմ սխալները չանեք»։

Տեսանյութեր

Լրահոս