«Պարգևավճարներն իշխանության ագահության ցուցիչն է և պատկերացումը պետության մասին». Վարդան Հարությունյան

Կառավարության անցած նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, խոսեց նաև 2025 թվականին պետական համակարգում միլիոնների հասնող պարգևավճարների մասին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է:

«Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այն իրականացնելու և կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումն անհրաժեշտ: Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք պետական համակարգում մրցունակությունը շարունակաբար պետք է բարձրացնենք, քանի որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր»,-շեշտեց նա։

Արդյո՞ք միլիոնների հասնող պարգևավճարները կոռուպցիան կանխելու միջոց է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի կիսում Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետը։

Կարդացեք նաև

«Բարձր պարգևավճարներ ստանալու համար ինքս պետական համակարգում որևէ ձեռքբերում չեմ կարող նշել, եթե նույնիսկ շատ երկար մտածեմ։ Այս տարիների ընթացքում իշխանությունը չի կարողացել անել մի քայլ, որի մասին կարողանամ թեկուզ հանպատրաստից ասել։

Միամտություն է հավատալ, թե բարձր պարգևավճարներով կարողանում են փակել կոռուպցիայի ճանապարհը։ Կոռուպցիան ոչ թե փողի բացակայությունն է, այլ մտածողության արդյունք, որքան ուզում են՝ թող վճարեն, միևնույն է՝ կոռուպցիոները կշարունակի իր կոռուպցիոն գործունեությունը։

Պարգևավճարների այդ մեծ թիվը, որը հրապարակվեց, այս իշխանության ագահության ցուցիչն է և իրենց պատկերացումը պետության մասին»,- 168.am հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը։

Ըստ մեր զրուցակցի, իշխանությունը պետական բյուջեն համարում է իր սեփականությունը և բաժանում իրար մեջ։ Սրա վառ օրինակն Ազգային ժողովում բաժանված պարգևավճարներն են՝ բյուջեից ուղարկված գումարն ավելացել էր, և փոխարենը բյուջե վերադարձնելու, նրանք կրկին իրար մեջ էին բաժանել։ Նույն կերպ վարվել են նաև Կառավարությունում։

«Հենց տեսան՝ բյուջեում գումար կա, որոշեցին իրար մեջ բաժանել, մեկին շատ, մյուսին՝ քիչ։

Այստեղ բարձր աշխատավարձի մասին խոսք չկա, թող ստանան բարձր աշխատավարձ, այստեղ խոսքը բարձր պարգևավճարների մասին է, այն էլ՝ գաղտնի որոշումով։

Իշխանության խնդիրն է, թող պետական համակարգում այնպիսի պայմաններ ստեղծի, որ բարձր աշխատավարձ ստանան, սակայն սա չի նշանակում, որ պետական աշխատողին կարող են աստղաբաշխական պարգևավճարներ տալ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բացատրություն չէ, պարզապես արդարացում է»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս