Պարգևավճար՝ ԱԺ-ն խայտառակելու համար
Գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններում անհատապես միլիոնավոր, ընդհանուր առմամբ՝ միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարների շուրջ քննադատությանն իշխանության ներկայացուցիչները պատասխանում են, թե դրանք տրվել են՝ ըստ աշխատանքի արդյունավետության գնահատման: Իբրև թե՝ պարգևատրվել են միայն նրանք, ում աշխատանքը միայն պարգևատրվողներին հայտնի ինչ-որ «պիլոտային ծրագրով» համապատասխանել է ինչ-որ չափանիշների:
Որևէ կոնկրետ օրինակ, թե այսինչ նախարարը, այնչինչ պատգամավորը կամ մի երրորդ վարչության պետ՝ հատկապես ո՞ր գործում է այդքան արդյունավետ աշխատել, չի ներկայացվում: Մինչդեռ հակառակի մասին վկայող դեպքերը լացելու աստիճանի ծիծաղելի են:
Օրինակ, վերջերս ԱԺ մի շարք պատգամավորներ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել են խորհրդարան այցելած տարբեր դպրոցների աշակերտների: Նրանց թվում են եղել նաև Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի աշակերտները, որոնց հետ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հանդիպման մասին ԱԺ պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է հետևյալ կերպ.
«Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը զրուցել է Երևանի Մանուշ Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի սաների հետ»:

Առանձանապես մեծ բան չէ, ընդամենն ԱԺ լրատվականի համապատասխան աշխատակիցը/աշխատակիցները Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունն են սխալ գրել: Արդյոք սա տեխնիկական վրիպակի՞, թե՞ անգրագիտության արդյունք է՝ դժվար է ասել: Ոչ էլ առանձնապես հետաքրքիր է:
Առավել ուշագավ է, որ ԱԺ պաշտոնական կայքէջի պատասխանատու վարչության պետը, ի թիվս այլ ընտրյալների, մեր տեղեկություններով, նույնպես վերջերս 2,5 միլիոն դրամից ավելի պարգևավճար է ստացել, իսկ լրատվական բաժնի պետերը` շուրջ 1,5 մլն դրամ:
Խոսքն ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանի մասին է, ով առավել հայտնի է՝ որպես Լաուրիկ: Վերջինիս մասնագիտական փորձառության ամենահիշարժան հանգրվանն ԱԺ նույնքան հիշարժան պատգամավոր Հովիկ Աղազարյանի օգնականի պաշտոնն է, որտեղից նա կարիերայի ցատկ է կատարել՝ հասնելով ԱԺ աշխատակազմի վարչություններից մեկի ղեկավարի կարգավիճակին: Սույն տիկինը, սակայն, ԱԺ-ում ապահովում է ոչ այնքան հասարակայնության, որքան սեփական ազգական-ընկերուհիների հետ կապերը. Լրատվական վարչության խմբագիրն, օրինակ, Լաուրա Անտոնյանի քեռակինն է, վերջինիս միջնորդությամբ պետական ծառայող դարձած նրա ազգական-ընկերուհիներից ոչ միակը: Սա ԱԺ-ի նշված վարչության պարգևավճար ստացող անձնակազմի խայտառակ սխալներից մեկն է միայն, որը, բնականաբար, որևէ հետևանք չի ունեցել:
Բայց ամեն ինչ դեռ առջևում է. բացառված չէ, որ որևէ առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին որևէ հաղորդագրությունում տեղ կգտնի «ԱԺ նախագահ Ալյոնա Սիմոնյան» ձևակերպումը, ինչը գուցե կստիպի նշված վարչության ղեկավարությանը գոնե մի ամիս զրկել պարգևավճարներից:
Հ.Գ. Վերը նշված հանդիպումից անցել է արդեն չորս օր, սակայն մինչ այս պահն ԱԺ պաշտոնական ֆեյսբուքյան էջում զետեղված է «Մանուշ Մանուշյանի անվան դպրոցի աշակերտների» մասին լուրը:
