Եթե Հայաստանի ընդերքը դարձավ սակարկման առարկա, ուրեմն գործ ունենք նեոգաղութացման հետ. Գրիգոր Մուրադյան
TRIPP-ի այս փաստաթուղթն իրավական ուժ չունի և չի էլ հավակնում ունենալ։ Սա քաղաքական բանակցությունների արդյունքում ի հայտ եկած հուշագիր է։ Կողմերն ընդունում են, որ TRIPP-ի հաջողությունը կախված է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից, ինչպես նաև Թուրքիայի հետ ամբողջական կարգավորման առաջընթացից, այսինքն, եթե այս ճանապարհի կառուցման և գործելու արդյունավետությունը պայմանավորված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ, իսկ այն, իր հերթին, ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, որի հեռանկարը բնավ չի նշմարվում, ուրեմն այս փաստաթուղթը ներկա փուլում որևէ իրական արժեք չունի, միայն ՔՊ-ի համար նախատեսված նախընտրական քարոզչական հնարքներից է:
TRIPP-ի այս փաստաթղթի իրավաբանական վերլուծությունը «Դասեր» հաղորդաշարում ներկայացրեց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարություն՝ իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության տնօրեն Գրիգոր Մուրադյանը:
Վերջինս նկատեց՝ առանց մանրամասների, թե ինչպես է հայկական կողմն իրապես վերահսկելու ընդունարանը, այսինքն, առաջին գրասենյակը, այս փաստաթուղթը որևէ կարևորություն չի ներկայացնում ՀՀ-ի համար, այն դեռևս նախընտրական խաբկանք է. ամբողջ հարցն այս փաստաթղթի կիրառումն է՝ գործնականում ապահովելով ՀՀ ինքնիշխան իրավունքները:
«Ճի՞շտ ենք հասկանում, որ այս փաստաթղթում ուղիղ կապ կա Հայաստանի կողմից նոր զիջումների ու այս փաստաթղթի հաջողության հետ։ Այսինքն՝ եթե սահմանադրական հանրաքվեն, որն Ադրբեջանի, Թուրքիայի կողմից պարտադրվում է Հայաստանին, ձախողվի, կարող են ասել, որ մենք ձախողել ենք այդ փաստաթղթի հաջողությունը։ Հայաստանի ժողովրդին շանտաժի միջոցով ստիպելու են, որ գնա, կողմ քվեարկի՞ Ադրբեջանի պահանջած Սահմանադրության փոփոխությանը… Իսկ եթե չստացվի՞։ Ոչ ոք չի կարող ստիպել մեր ժողովրդին՝ անել իրենց հարմար քվեարկություն։
Պարզ է, չէ՞, որ այս փուլում ԱՄՆ-ը որևէ իրավական պատասխանատվություն՝ կապված TRIPP-ի փաստաթղթի հետ, իր վրա չի վերցնում»,-ասաց Գրիգոր Մուրադյանը:
Նրա խոսքով՝ Եթե Հայաստանը չի կառավարելու Front office-ը կամ, այսպես կոչված, առաջնային գրասենյակը, սա Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունեցող փաստաթուղթ է։ Թղթում 10 տեղ ընդգծված «Հայաստանի սուվերենություն» արտահայտությունը ևս ոչ մի նշանակություն չունի, բացի նախընտրական հնարք լինելուց։
Նկատենք, որ Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի համատեղ ներկայացրած այդ փաստաթղթում գրված է. «ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են՝ նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից»։
«TRIPP-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտների թվում այս թղթում նշվում է փոխկապակցվածությունը, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ: ԱՄՆ-ի համար այդ ի՞նչ օգտակար հանածոների մասին է խոսքը, դրանց թվո՞ւմ են արդյոք Հայաստանի ընդերքի հանածոները, կա՞ արդյոք դրանց վերաբերյալ առանձին պայմանավորվածություն, ի՞նչ համամասնությունների մասին է խոսքը:
Ներկայիս աշխարհում գրեթե անթաքույց պատերազմներ են մղվում հանքանյութերի, հազվագյուտ մետաղների, ռեսուրսների համար, և Հայաստանի ընդերքը, հատկապես Սյունիքը, հարուստ է դրանցով։ Այդ դեպքում պարզ չէ՝ Հայաստանի ընդերքի հարստությունը և՞ս պետք է այդ ճանապարհով դուրս բերվի, և եթե այո, ի՞նչ համամասնությամբ, արդյո՞ք ուկրաինական սցենարը մեր պարագայում կրկնվելու է… Եթե՝ այո, ուրեմն մենք գործ ենք ունենալու նեոգաղութացման հետ։ Եթե՝ ոչ, ինչո՞ւ է այս փաստաթղթում խոսք գնում մեր ընդերքի մասին»,-ասաց Գրիգոր Մուրադյանը:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ նախագահն Ուկրաինայից պահանջեց, որպեսզի էլեկտրոնիկայի մեջ օգտագործվող հազվագյուտ հողային մետաղներ մատակարարի Միացյալ Նահանգներին՝ Ամերիկայի տրամադրած շուրջ 300 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում:
