ՀՌՀ-ն 1.200.000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
«ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊԸ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
«ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
«ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 72 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 73 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 74 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ մեկ սլոթի քանակով։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:
Հաջորդիվ Հանձնաժողովը բավարարեց «ՌԱԴԻՈ ՊՌՈ», «ԼԱՅՔՆԵՏ» և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-երի հայտերը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպեց ընկերություններին տրամադրած լիցենզիաները:
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների պահանջները։ Տվյալ վարույթը վերաբերում էր 2025թ․ դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածներին, որոնցում տեղ են գտել գռեհկաբանությունը և հայհոյախոսությունները։
Վարչական վարույթի բազմակողմանի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ին տուգանել 1.200․000 ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժի եռապատիկը)։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ-ի կատարած իրավախախտմանը։ Ընկերությունն առանց համապատասխան իրավական հիմքերի վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր։ ՀՌՀ-ն վերջինիս հանդեպ կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 115․064 ՀՀ դրամով:
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ից պահանջել է ներկայացնել «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի 2025թ․ նոյեմբերի 5-7-ի ձայնագրությունները։ Սակայն, Ընկերության ուղարկած էլեկտրոնային գրության մեջ առկա նիշքերը (ֆայլերը) ամբողջությամբ չեն ներառել պահանջված ժամանակահատվածի ձայնագրությունները։ Հանձնաժողովն Ընկերությանը տուգանել է 300․000 ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված տույժ):
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
