Իշխանության փոփոխության պարագայում կարողանանք ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագործել. հակառակ պարագայում Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն օրերս հրապարակել է տարեկան զեկույցը, որտեղ մի շարք հարցերի հետ միասին, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ադրբեջանում տարածված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին ու դրա վտանգներին։

Ըստ զեկույցի, նախորդ տարի օգոստոսի 8-ին  նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Դրան զուգահեռ, զեկույցում նաև ընդգծվում է, որ Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն բացասաբար են ազդում խաղաղության կառուցման վրա:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ իր տարբեր վերլուծություններում խոսել է այն մասին, որ իրականում Միացյալ Նահանգների միջնորդության շնորհիվ Հայաստանը ժամանակ է շահել։

«Եթե համեմատենք իրավիճակը նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսների հետ, երբ Ադրբեջանն ակտիվ դիզինֆորմացիոն պայքար էր սկսել Հայաստանի դեմ, և իսկապես կար էսկալացիայի ռիսկ, այս պահին այդ վտանգը նվազել է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի իշխանությունն այս շահած ժամանակը, որն իսկապես թանկ ու կարևոր է, չի օգտագործում խնդիրները լուծելու վրա։ Նկատում ենք ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանության աճ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրերի հետագա շարունակականություն, բայց կարծես թե թույլ են տալիս Ադրբեջանին այս ժամանակն օգտագործել խաղաղության հարցում բլեֆի գնալ՝ խաղաղության գնալու իմիտացիա ստեղծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տաթև Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ Ադրբեջանն այդ ժամանակն օգտագործում է թե՛ նարատիվների  մակարդակով, թե՛ գործնական առումով նորովի զինվելու, նորովի թշնամանք սերմանելու, հետագա հնարովի  հակամարտության գնալու խոսույթներ ձևավորելու վրա։

«Եթե ուշադրություն դարձնեք, օգոստոսի 8-ից հետո ինքս բազմիցս ցույց եմ տվել, որ այդ վտանգը կա, թեման աճում է։ Նույնիսկ, եթե ուշադրություն եք դարձրել, այս ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթեր հրավիրվում էին ինչ-որ փորձագետներ, ընդհուպ՝ ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ներկայացնում էին, թե իբր այդ թեման փակված է։

Երևի Արտաքին հետախուզության ծառայությունը միակ պետական գերատեսչությունն է, որն առնվազն ընդունում է թեմայի առկայությունը, ռիսկը։ Բայց ինչպես հասկանում են, իրենց մեկ տարի էլ պետք է, որպեսզի հասկանան, թե սա ինչ է նշանակում»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հարցին՝  մի քանի տարի հետո, երբ ԱՄՆ-ում Թրամփի վարչակարգը փոխվի, ի՞նչ ճակատագիր է սպասվելու Հայաստանին, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց՝ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի ժամանակն օգտագործել  հօգուտ Ադրբեջանի, օրինակ՝ շարունակեն ներքին պառակտումը, հակաեկեղեցական արշավը, գնալ Սահմանադրության փոփոխության ճանապարհով և այլն, այսինքն՝ ժամանակն օգտագործի Ադրբեջանի պահանջները բավարարելու համար, ապա  Հայաստանը կանգնելու է ոչ թե փաստի, այլ լուրջ խնդիրների առաջ։

«Իշխանության փոփոխության պարագայում կարողանանք ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագործել, թույլ չտանք, որ Ադրբեջանը խաղաղությունն իմիտացնի,  հնարավոր հակամարտությունների վերաբերյալ խոսույթներ ձևավորի և դա սերմանի երիտասարդ սերնդի ուղեղում։ Ադրբեջանում սերունդ է մեծանում, որը մտածում է, որ ներկայիս ՀՀ տարածքն իր պատմական հողն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ցանկացած խելացի մարդ իրեն հարց կտար՝ եթե խոսում եք խաղաղությունից, ինչպե՞ս կարող է նման խոսույթ ձևավորվել, ընդ որում, ոչ թե քարոզչության մակարդակում, այլ կոնկրետ հանրային կրթության մակարդակում։ Եթե այս ժամանակը խելացի օգտագործենք, այլ իրավիճակ կունենանք»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս