Ողբալու և սգալու, զգաստանալու և քաջալրվելու ժամանակն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր ի Քրիստոս․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է. «Ողբալու և սգալու, զգաստանալու և քաջալրվելու ժամանակն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր ի Քրիստոս։

Այս օրերին ցավով ենք ականատես լինում, թե ինչպես ոմանք, ովքեր կանչված էին լինելու հովիվներ և ոչ թե վարձկաններ, խոնարհվում են ժամանակի իշխանավորի առաջ և իրենց սրբազան կոչումը փոխանակում են անցողիկ շահի ու աշխարհիկ հաճոյախոսության հետ։ Նրանք, ովքեր երդում են տվել Սուրբ Ավետարանի և Սուրբ Խորանի առջև, այսօր խախտում են ուխտը, դառնում են տիրադավ՝ իրենց հոգևոր հոր հանդեպ, և ուխտադրուժ՝ Սուրբ Եկեղեցու միաբանության նկատմամբ։

Այսպիսի վարքը նոր բան չէ մարդկության պատմության մեջ․ միշտ էլ գտնվել են նրանք, ովքեր վախի և արծաթի դիմաց մոռացել են իրենց կոչումը։ Բայց Եկեղեցին չի շինվել մարդկանց տկարությամբ, այլ կանգուն է մնացել նահատակների հավատարմությամբ, սրբերի աղոթքով և ճշմարտության վրա հիմնված անսասանությամբ։ Ով այսօր իր լեզուն դարձնում է հակաեկեղեցական արշավի գործիք, թող իմանա, որ չի ծառայում ո՛չ Աստծուն, ո՛չ ժողովրդին, այլ միայն բաժանում է խարիսխը, որի վրա դարերով կանգնել է մեր ազգային և հոգևոր ինքնությունը։

Իսկ դուք՝ մեր Տեր Հիսուսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարիմ զավակներ, քաջալերվեցե՛ք։ Մի’ վախեցեք աղմուկից, մի’ շփոթվեք կեղծ բարեպաշտության դիմակ կրող խոսքերից։ Մեր Սուրբ Եկեղեցին տեսել է կայսրությունների անկում, բռնապետերի հալածանք, ներքին պառակտումներ, բայց երբեք չի լքվել Աստծու նախախնամությունից։ Վեհափառ Հայրապետը՝ որպես Հայոց Եկեղեցու օծյալ գահակալ և հոգևոր հայր, կրում է ծանր խաչ, և ձեր հավատարմությունն ու աղոթքը այսօր առավել քան երբևէ զորություն են։

Հիշեցե՛ք՝ հավատարմությունը ճշմարտությանը երբեմն մենակ է թողնվում, բայց երբեք անպտուղ չի լինում։ Լռությամբ, աղոթքով, սթափ խոսքով և անսասան հավատքով պահեցե՛ք այն սուրբ ավանդը, որը մեզ է ավանդվել ոչ թե քաղաքական պայմանագրերով, այլ սրբերի արյամբ ու աղոթքով։

Թող Տերը լուսավորի մոլորվածներին, զորացնի հավատարիմներին և պահպանի Մայր Եկեղեցին՝ որպես հայ ժողովրդի հոգևոր տուն, այժմ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Հ.Գ. Ցկյանս մնամ հարազատ որդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իր Գահակալ Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի»։

Տեսանյութեր

Լրահոս