ՀՀ-ում չկա մի ձորակ, անտառ, լիճ, որտեղ ինտերնետ չլինի. Հարկային օրենքի փոփոխությունը վախենալու է. Նիկոլ Փաշինյան
Անհրաժեշտ է դիտարկել այսպես կոչված «թվային քոչվորների» համար պարզեցված վիզաների տրամադրման հնարավորությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ աշխարհում աճում է այն մասնագետների թիվը, ովքեր աշխատում են թվային միջավայրում, հետևաբար կապված չեն որևէ երկրի հետ (այդ իսկ պատճառով նրանք հայտնի են «թվային քոչվորներ» անունով)։ Այս մասնագետներն աշխատում են տարբեր երկրներում, միջավայրերում՝ ֆիզիկական կախվածություն չունենալով կոնկրետ գրասենյակի կամ վայրի հետ։ Տարբեր պետություններ փորձում են առավել ակտիվացնել և գրավիչ դարձնել «թվային քոչվորների» համար միջավայրը՝ հասկանալով, որ նրանք աշխուժություն են բերում տնտեսությանը։
«Երկրները հիմա թողարկում են վիզային հատուկ ռեժիմ «թվային քոչվորների» համար, մենք առնվազն պետք է քննարկենք այս մոտեցումը որդեգրելու հարցը, երբ «թվային քոչվորների» համար տրվում են որոշակի ժամկետով հեշտացված վիզաներ, որ նրանք իրենց ճամփորդությունն ավելի հեշտությամբ իրականացնեն»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հեռահաղորդակցության օպերատորները վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են ինտերնետի ծածկույթը, և հիմա ինտերնետ հասանելիությունը երկրում գրեթե հարյուր տոկոսով է (այդ թվում արբանյակային ինտերնետի զարգացման պայմաններում): Ուստի «թվային քոչվորների» աշխատանքի համար կարևոր գործոնն առկա է։
Ներկայացնելով Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին որոշման նախագիծը՝ Փաշինյանը նաև նշեց, որ վերջերս գործարարների հետ «զգուշորեն» քննարկել է Հարկային նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որի կարգավորումները հնարավոր կլինի ուժի մեջ պահել մոտ 10 տարի։
«Սա բավականին բարդ և վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ լրջորեն մոտենալու ենք այս հարցին և փորձագիտական, գործարար հանրությանն արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա կօգնի մեծացնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը։ Փաշինյանը նշեց, որ 2018թ․-ից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային վերափոխումների փուլում է։
«Անհրաժեշտ է ընդունել միասնական գաղափարական և քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, որը կհաստատի ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման երկարաժամկետ տեսլականը, կսահմանի տնտեսական քաղաքականության նոր պարադիգմի հիմնական սկզբունքներն ու հենասյուները, կապահովի գործող և նոր մշակվելիք ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի միջնաժամկետ բյուջետային պլանավորման միասնական դաշտ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ակնկալվում է, որ նոր դոկտրինի շնորհիվ կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայունությունը և անվտանգային կայունությունը և այլն։
Ըստ Փաշինյանի՝ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգն արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Դոկտրինը, ըստ Փաշինյանի, պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։
