ԳՐԱԶ ԳԱՄ՝ ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ, ԵՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՀԵՆՑ ԱԱԾ-Ն ԿԱՍԻ. ՊԵՏՔ ԵՂԱՎ՝ ՆԻԿՈԼՆ ԻՍԼԱՄ ԷԼ ԿԸՆԴՈՒՆԻ. ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։

Դեկտեմբերի 8-ին մի խումբ տղամարդիկ հարձակվել էին ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի վրա, հարվածներ հասցրել և փախուստի դիմել։ Հակոբյանին տեղափոխել էին հիվանդանոց՝ քթի կոտրվածքով և գլխին հասցված հարվածներով։

Միհրան Հակոբյանի դեմ այդ  հարձակումն ակնհայտորեն կապված էր իշխանությունների և իշխանության որոշ ներկայացուցիչների հասցեին նրա հարցազրույցների և ֆեյսբուքյան գրառումների հետ։

Կարդացեք նաև

«Քննչական կոմիտեն մեծածավալ գործ է արել: Թեև նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց կասեմ միայն, որ անձամբ Նիկոլի հանձնարարականն ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը: Հարձակում իրականացնողներին ազատել է դատարանը, որը բոլորս գիտենք, թե ում sms-հրահանգներով է աշխատում: Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դավաճանելով «հեղափոխությանը»՝ Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է: Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ աջակցություն է Նիկոլը խնդրել Եվրոպայից, ինչի մասին խոսեց Կայա Կալասը. ոչ մի արտաքին միջամտություն կանխելու հարց չկա, կա ադրբեջանական տիպի դիկտատուրա հաստատելու եվրոպական «դաբրո» ստանալու հարց: Եվ այդ «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու եվրոպական թույլտվությունը»,- ավելի ուշ գրել էր Միհրան Հակոբյանը։

Ի դեպ, դեկտեմբերի 12-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին կատարված այդ հանցագործության մեջ։ Իսկ դեկտեմբերի 13-ին արդեն հայտնի դարձավ, որ դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին՝ բոլոր ձերբակալվածներին:

Միհրան Հակոբյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ինչպես մի քանի տարի առաջ՝ 2021թ. հունիսին, երբ նռնակ էին տեղադրել ավտոմեքենայիս տակ, պայթեցրել էին այն, ես չունեի անձնական թշնամիներ, նույնպես և հիմա չունեմ, ինչպես այն ժամանակ էի պնդում, որ դա կազմակերպել է Նիկոլ Փաշինյանն ընդդիմախոսին լռեցնելու համար, այնպես էլ հիմա եմ պնդում, ինչպես այն ժամանակ չեմ վախեցել, այնպես էլ հիմա չեմ վախենում։ Շատ բան չեմ կարող ասել։ Թող Նիկոլ Փաշինյանը մտածի՝ կբացահայտի՞, թող բացահայտի, չէ՞, ուրեմն մենք էլ իրավունք ունենք մտածել, որ դա հենց իր կազմակերպածն է։ Փաստացի Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սերտաճել է փողոցային խուժանի հետ ու փողոցային խուժանի մեթոդներով էլ գործում են։ Գործ ունենք քաղաքական նկատառումներով քաղաքական պատվերի հետ։ Նիկոլ Փաշինյանն է այս ռեժիմի պարագլուխն ու տեղի ունեցած հարձակման պատասխանատուն։
  • Հայաստանում 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբեք այս քանակի քաղբանտարկյալներ չեն եղել, և դա շարունակվելու է։ Ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ Եթե պետք է բռնություն կիրառել, կկիրառե՛ն, եթե պետք է լրագրող լռեցնեն, դա էլ կանեն… Արևմտյան դեսպանների և միջազգային կազմակերպությունների տոտալ լռության պայմաններում սրանք ամեն բանի դիմելու են, և մենք ապրում ենք այս իրականության մեջ։
  • Շատ մեծ ցավով եմ ասում, որ ժողովրդի մեջ մեծ հուսալքություն է սկսվելու, երբ ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին 2021 թվին էր։ Կսկսվի արտագաղթի մեծ ալիք։ Որպեսզի դա տեղի չունենա, հենց այսօրվանից պետք է գտնվեն հանրային գործիչներ, ովքեր ժողովրդին հենց այսօրվանից կասեն, որ ընտրությունները կյանքի նպատակ չեն, ընտրություններով չի սկսվում ու ավարտվում ամեն ինչ։ Չլինի ընտրություններով, կգնա այլ տարբերակով, օրինակ՝ փողոցային պայքարի արդյունքում… Ընտրությունները քաղաքական պայքարի սոսկ մեկ տարբերակն է։ Այնպես որ, ժողովրդին հիմիկվանից պետք է պատրաստել դրան, քանի որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ունի արտաքին մեծ ու բացահայտ աջակցություն։ Զավեշտալի է՝ Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԵՆՑ, որ ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԵՆՔ երկիրը զերծ պահեն ԱՐՏԱՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ։
  • Մենք այսօր գործ ունենք ցինիկ ու лицемер իշխանության հետ, ով կարող է գնալ Մոսկվա, «Կալինկա» պարել ռուսների ոտքերի առաջ, հետո գնալ Եվրոպա, ասել՝ ռուսները միջամտում են մեր երկրի ներքին գործերին, խանգարում են խաղաղության գործընթացին… Մինչդեռ խաղաղության գործընթաց գոյություն չունի, կա Հայաստանի փալասացման գործընթաց։
  • Էդ ի՞նչ գործիք կա աշխարհում, որի լավի ու վատի մասին մենք՝ որպես հասարակություն, չենք կարող ծանոթանալ, ներդնել ու վերահսկել, որ պետք է գա մի վերակացու ու մեզ ասի՝ տվյալ բանը լավ արեցի՞նք, թե՞ վատ։ Ի վերջո, բոլոր դեմոկրատական արժեքները քրիստոնեական արժեքներն են։ Մեր ունեցած արժեքները մեզ վրա՞ են ծախում։
  • Եթե Հայաստանում երբևէ մի փոքրաթիվ աղանդի պետությունը փորձեր ճնշել, տիեզերական աղմուկ կբարձրանար միջազգային կառույցների կողմից, բայց երբ Հայ Առաքելական եկեղեցին է հարձակման ենթարկվում, փաստորեն, կարելի է լռել։ Փաստացի ԵԽ անդամ երկրի՝ Հայաստանի վարչապետը կրոնական աղանդ է ստեղծել ու այդ աղանդի գլուխ անցած՝ փորձում է ճնշել Հայ Առաքելական եկեղեցուն։

  • Կարող եմ գրազ գալ, որ ԱԱԾ-ն civik.am-ին ոչ մի փաստաթուղթ էլ չի տվել Եզրաս սրբազանի՝ իբր գործակալ լինելու մասին։ Կգա ժամանակը, ու այդ մասին հենց ԱԱԾ-ն կասի։ Վստահ եմ, որ այդ թուղթը Նիկոլ Փաշինյանն է տվել civik.am-ին ու ասել՝ հրապարակիր։ 

Նույնիսկ, եթե, ենթադրենք, ԱԱԾ-ն է դա տվել, ի՞նչ է ստացվում՝ ըստ ԱԱԾ-ի՝ գործակալ լինելը լավ բա՞ն է, թե՞ վատ։ Եթե վատ է, ինչո՞ւ եք բյուջեից փողեր ծախսում, գործակալներ պահում, եթե լավ է, խնդիրն ի՞նչ է։

  • Շատ երկար տարիներ Հայաստանի սորոսական ցանցն առաջ է տարել լյուստրացիայի թեմատիկան։ Ենթադրենք՝ մեր ԱԱԾ-ն ունի տվյալներ, թե ովքեր են եղել ԽՍՀՄ ժամանակաշրջանում КГБ-ի գործակալներ։ Որքանո՞վ է արդար, որ պետք է հրապարակվեն КГБ-СССР-ի գործակալների անունները, ու չպետք է հրապարակվեն անկախ Հայաստանի գործակալների անունները։ Կամ, եթե պիտի հրապարակվեն КГБ-СССР-ի գործակալների անունները, ինչո՞ւ չպետք է հրապարակվեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի կամ Կամբոջայի գործակալների անունները։ Ընդամենը խնդիր կա մարդկանց անվանարկելու ու հայ-ռուսական հարաբերությունների վրա ստվեր գցելու համար։
  • Մարիուս Յուզբաշյանը եղել է КГБ-ի պետ։ Մեր հասարակությունն ի՞նչ վնաս է տեսել այս մարդուց ու նրա ղեկավարած կառույցից։

Հիշեցնենք, 1978թ-ից ավելի քան 10 տարի Մ Յուզբաշյանը գլխավորել է Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեն:

  • Այդ «մտավորականը» (Ռուբեն Բաբայանը,- Ս․Ս․) սպասարկում է մի ռեժիմի շահ, որը մի քանի անգամ ավելին է արել ու անում, որ այս պետությունը գաղութացվի։ Երբ դու քո ԱԱԾ-ն թուլացնում ես, դու ճանապարհ ես բացում գաղութարարների առաջ, ու այդ ժամանակ կարևոր չէ՝ ով կգաղութացնի քեզ։ Իսկ ճանապարհը բացել է այս իշխանությունը՝ նաև այսպիսի «մտավորականների» միջոցով։

Հիշեցնենք, Ռուբեն Բաբայանը տարիներ շարունակ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի կամ, այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամի խորհրդի անդամ էր:

  • Մեր ժողովուրդն ապուշ չէ, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, որ գաղութում ակադեմիա, ատոմակայան կարելի էր ունենալ։ Այսինքն՝ մենք ԽՍՀՄ-ում գաղութ չենք եղել։ Ընդամենը թվերին նայեք՝ ինչպիսի թռիչք է ունեցել Խորհրդային Հայաստանը մշակութային ու այլ ոլորտներում։ Պնդում եմ, որ Խորհրդային Հայաստանը շատ ավելի սուվերեն պետություն է եղել, քան 1991թ.-ից հետո ստեղծված Հայաստանը, իսկ հետստալինյան Հայաստանը շատ ավելի ազգային պետություն է եղել, քան հիմա է։ ԽՍՀՄ գլավլիտի պայմաններում գրվել են «Ռանչպարների կանչն» ու Խոդեդանը», իսկ ի՞նչ է ստեղծվում հիմա։ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը ֆիդայական շարժման մասին հրապարակվել է 50 000 տպաքանակով, ու բնական է, որ դրա արդյունքը պետք է լիներ 1988-ի ազգային զարթոնքը։
  • 10 տիրադավները Նիկոլ Փաշինյանի գերիներն են։ Հավանաբար լուրջ կոմպրոմատներ են ունեցել նրանց դեմ, իսկ թույլ մարդկանցից չես կարող ոչինչ պահանջել։

  • Մենք չգիտենք՝ ինչի հետ գործ ունենք իրականում՝ կիսագրագետ խելագարի՞, ով ուզում է Կաթողիկոս կամ առնվազն Կաթողիկոս նշանակող դառնալ, թե՞ այլ բանի հետ։ Մենք պետք է շարժվենք այն գծով, որը Գարեգին Վեհափառը մեզ կասի։ Վեհափառը պետք է մեզ ուղենիշներ տա։ Վեհափառն ընտրել է պայքարի այս ճանապարհը, ու կարծես թե մինչ այսօր իր մեյմունությամբ ծիծաղի առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանը։
  • Նիկոլ Փաշինյանի ընտանիքը չի ներում հայ ժողովրդին, որ մեր ժողովուրդը շատ լավ հիշում է՝ ով են իրենք, ինչ տան մեջ են ապրել, ինչպիսի կյանքով, քանի օրը մեկ են լողացել… Այս իշխանական զույգի գլխավոր խնդիրը մեր ժողովրդի հիշողության դեմ պայքարելն է։ Մարդկանց պետք է անասնացնել, որ հեշտ կառավարեն։ Փաշինյանն, ըստ էության, ասում է՝ դուք, ժողովուրդ ջան, կգաք, տարին մեկ Հանրապետության հրապարակում կթռվռաք համերգին, իսկ մնացած ժամանակը կաշխատեք, հարկեր կվճարեք, որ մենք ապրենք իշխանի պես՝ թանկ տներում, թանկ ավտոներով ման գանք, թանկ հագուստներ կրենք։ Ավելին, աշխատեք, որ ձեր անունից նաև պարտք վերցնենք։
  • Բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ ոք օրակարգ չունի։ Սա բոլոր կարմիր գծերն անցած պերսոնաժ է, որը շատ լավ հասկանում է՝ իշխանություն չունենալուց հետո իրեն ոչ ոք չի փրկելու, որովհետև ինքը ոչ մեկի պետք չէ, անպետք ապրանք է, որովհետև բեռ է։ Պետք եղավ, սա իսլամ էլ կընդունի։ Անգամ տեքստը կարող եմ ասել՝ ինչ է ասելու։ Գծերն անցած մարդ է, կարող է ասել՝ էդ դեռ հարց է՝ ինչի՞ 301թ քրիստոնեություն ընդունեցինք, էդ ի՞նչ էր որ… Ինքը հենց հիմա հակաեկեղեցական արշավի ֆոնի տակ նախընտրական քարոզչություն է անում։
  • Թիվ մեկ օրակարգը՝ իշխանափոխությունն է: Եվ պետք է հստակ պատասխանել՝ «Նիկոլ Փաշինյանին փոխում ենք, որ ի՞նչ լինի…»։ Այս հարցի ձևակերպումն օրակարգ է, պետք է ասել՝ ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում կառուցել։ 

Հայաստանում կա՛ հականիկոլական լուրջ ռեսուրս, բայց դրա միավորման ցանկությունը ես դեռ չեմ տեսնում։ Քաղաքական ուժերի մի մասն ընտրություններին մասնակցում  է օլիմպիական՝ կարևորը մասնակցությունն է՝ սկզբունքով։  Որոշ ուժեր հետպատերազմական իրենց վարքի պատճառով ժողովրդի երեսին նայելու երես չունեն, ընդամենն ուզում են մնալ ջրի երեսին։ Դրա համար իրենց հարմար է Նիկոլ Փաշինյանի մնալը։ Մի մասն անկեղծ ուզում է իշխանափոխություն։ Դրա լավագույն գործիքն իմպիչմենտն է․ դրանից լավ գործիք դեռ չի ստեղծվել։

  • Չի կարելի թույլ տալ, որ ստեղծվի նախադեպ, որ օրվա իշխանությունը կարողանա կաթողիկոս փոխել։ Դա շատ վատ նախադեպ կլինի, որովհետև հաջորդ իշխանությունը փոխելու է այն կաթողիկոսին, որին նշանակել է Նիկոլ Փաշինյանը։
  • Գարեգին Վեհափառը Հայոց պատմության ամենալեգիտիմ կաթողիկոսն է երբևէ ընտրված, որի օծմանը մասնակցել են Պոլսի պատրիարքը, Երուսաղեմի պատրիարքը, Անթիլիասի առաջնորդը։

Ի դեպ, այս իմաստով սարսափելի է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի պահվածքը։ Ինքը Մայր Աթոռում էր, երբ ընտրվում էր Գարեգին Վեհափառը, առիթ լինի, հարցրեք՝ ո՞ւմ է ընտրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս