«Դեռ վկաներ են հարցաքննվում, բայց միջնորդություն են ներկայացնում՝ մեղադրյալին բանտից հանելու ու տնային կալանքի տանելու վերաբերյալ, ինչպե՞ս է հնարավոր». Աիդա Գրիգորյան
Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում հունվարից կշարունակվի այս տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով դատական նիստը:
Այս գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի գործին միացվել է նաև նրա եղբոր գործը, նրա եղբայրը նույնպես մեղադրյալ է, և երկուսն էլ քրեակատարողական հիմնարկում են։
Տեղեկացանք, որ Գոռ Առաքելյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որպեսզի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, բանտային կալանքը փոխարինվի տնային կալանքով։
Պարգև Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը, հաստատեց՝ իր որդու սպանության մեջ մեղադրվող Գոռ Առաքելյանի փաստաբանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Մենք չգիտենք, թե ինչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը, բայց մեծ հույս ունեմ, որ Գոռ Առաքելյանի խափանման միջոցը չի փոխվի, նա կմնա բանտային կալանքի տակ։ Մարդկային կյանքի հետ գործ ունենք, ի՞նչ է նշանակում տնային կալանք։ Հոգևորականն իր անձնական կարծիքն արտահայտելու համար կալանավորվել է, նրան տնային կալանք չեն տալիս, բայց Գոռ Առաքելյանը, որի պատճառով իմ երիտասարդ որդին չկա՝ պետք է տնային կալա՞նք տան։ Հետաքննությունը չի ավարտվել, դեռ վկաներ են հարցաքննվում, բայց միջնորդություն են ներկայացնում, որպեսզի մեղադրյալին բանտից հանեն ու տանեն տնային կալանքի, նման բան ինչպե՞ս է հնարավոր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աիդա Գրիգորյանը։
Տիկին Աիդան չգիտի՝ ինչ սպասի Վճռաբեկ դատարանից, բայց հույս ունի, որ մեղադրյալ Գոռ Առաքելյանը կմնա կալանքի տակ, քանի որ, եթե օրենքով առաջնորդվեն, ապա Գոռ Առաքելյանը պետք է բանտարկված մնա։
«Ես վատ բաներ չեմ ասի, բայց վերևում Աստված կա»,- ընդգծեց Աիդա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, Էջմիածնում։
Ողբերգական ավարտով այս միջադեպի պատճառը եղել էր այն, որ երիտասարդի մեքենան ջրափոսով անցնելիս ջուրը լցվել էր կողքին կանգնած մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել… վեճ էր առաջացել, երիտասարդին խմբակային դաժան ծեծի էին ենթարկել, որի պատճառով վերջինս հիվանդանոցում մայիսին մահացել է։
