«Հայաստանի ԱԳ նախարարին կարող են գրկել, ձեռքերի վրա ման տալ, հաճոյախոսություններ շռայլել, բայց ընկալել և ընդունել իբրև սուբյեկտ՝ բացարձակապես». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԳ նախարարը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից հրապարակում էր Նիկոլ Փաշինյանի զինվորական հանդերձանքով նկարն ու գրում, թե՝ «չշշկռեք» այսպես ասած Գերագույն գլխավոր հրամանատարի մասով, այսօր հայտարարում է, թե ադրբեջանական բենզինի համար հերթեր են կուտակվում:
Պատկերացնո՞ւմ եք, սա գուցե ոչ մի նշանակություն չունի Հայաստանի հասարակության կենցաղապաշտ հատվածի համար, բայց սա չի կարող նշանակություն չունենալ միջազգային քաղաքականության դերակատարների համար: Մարդիկ, որոնք որոշում են համաշխարհային հարաբերությունների, ամբողջական ռեգիոնների ճակատագիր, բացարձակապես անտարբեր չեն այդպիսի «կերպարանափոխումների» հանդեպ:
Մարդը, որ ունի պետական գործչի կարգավիճակ ու ենթակա է այդպիսի ինքնանվաստացնող կերպարանափոխումների, բացարձակապես չի կարող ընկալվել իբրեւ միջազգային հարաբերությունների եւ միջպետական գործերի սուբյեկտ: Այդ մարդուն կարող են գրկել, ձեռքերի վրա ման տալ, հաճոյախոսություններ շռայլել, բայց ընկալել եւ ընդունել իբրեւ սուբյեկտ՝ բացարձակապես:
Դա գործնականում դեմ է ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլեւ բնության օրենքներին: Որովհետեւ այդպիսի կերպարանափոխման ունակ մարդը ունակ է դա անել առաջին իսկ «անհրաժեշտ» առիթով:
Սա կարող է չհասկանալ կամ սրա մասին կարող է չմտածել Հայաստանի հանրությունը, բայց միջպետական, միջազգային հարաբերություններում այս հարցերը առանցքային են»:
