2026թ. հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կբացվի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար․ Կառավարությունը հարցը դրել էր գրավոր քվեարկության

Միջազգային և տեղական պարբերականները հատկապես վերջին շաբաթներին չէին բացառում 2026 թվականին հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր տեղաշարժերը։

Bloomberg-ն, օրինակ, իր աղբյուրներին հղում անելով՝ գրել էր՝ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսներին Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հնարավորությունը։

Տեղական պարբերականներն էլ նշել էին ամերիկյան ազդեցության ներքո թուրքական կողմին փոխանցված նոր առաջարկների մասին։

Այս ամենը, փաստացի, սկսում է միս ու արյուն ստանալ. այսօր կառավարության գրավոր ընթացակարգի հարցերի թվում էր «Փոխադարձության հիման վրա պետական տուրքի այլ (զրոյական) դրույքաչափ սահմանելու մասին» նախագիծը, որը հեղինակել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Կարդացեք նաև

Ըստ նախագծի՝ փոխադարձության հիման վրա սահմանվում է, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին՝ մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափը զրո է:

«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ. հունվարի 1-ից»,- ասվում է պաշտոնական փաստաթղթում։

Հիմնավորման մեջ էլ նշվում է, որ այսօր գործող իրավակարգավորումներով ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանված է Թուրքիայի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրման վճար, մյուս կողմից՝ Թուրքիայի Հանրապետության ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց համար սահմանված է Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրման վճար:

«Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոխադարձության սկզբունքով 2026թ. հունվարի 1-ից Հայաստանն ու Թուրքիան «E-Visa» համակարգով առանց պետտուրքի՝ անվճար, Հայաստան և Թուրքիա մուտք գործելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու հնարավորություն են ստեղծելու ՀՀ և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար:

Ուստի, անհրաժեշտ է փոխադարձության սկզբունքով՝ անվճար, «E-Visa» համակարգով ՀՀ մուտք գործելու համար արտոնագիր ստանալու հնարավորություն ստեղծել Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար»,- մանրամասնվում է հիմնավորման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս