«Неуловимый Джо»-ն Նիկոլ Փաշինյանն է. «ֆյուրերիկից» վերածվում է բռնապետի. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու համար թույլ է տվել, որ Եվրամիությունը Հայաստանը դարձնի Ռուսաստանի դեմ «պրոքսի» պատերազմի գործիք։ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ քաղաքականության և իրական սպառնալիքների մասին։

«Մեր ժողովրդին կերակրում են Ռուսաստանից եկող ինչ-որ «հիբրիդային վտանգներով»։ Չասեմ՝ սա անլուրջ է, սա պետականաքանդ մի ընթացք է, երբ քողարկում է իրական մարտահրավերը՝ արհեստական թշնամու կերպարներ ստեղծելով երկրի ներսում և դրսում, երկիրը դարձնում է «պրոքսի» պատերազմի գործիք։ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու համար թույլ է տվել, որ Եվրամիությունը Հայաստանը դարձնի Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողության տարածք։

Ավելի պատկերավոր վիճակ նկարագրեմ մեր ժողովրդի համար. եթե Նիկոլ Փաշինյանը որոշի ուղիղ եթերում մեկին ուտել ֆիզիկապես և կարողանա իր զոհին ներկայացնել՝ որպես «ռուսական շպիոն», Կայա Կալասը ծափահարելու է և ողջունելու է հայկական ժողովրդավարության հաղթանակը»,- մեկնաբանեց Սուրեն Սուրենյանցը։

Կարդացեք նաև

Քաղաքագետը շեշտում է՝ Ադրբեջանն է այսօր իրականացնում հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Սուրենյանցի խոսքով՝ հիբրիդային պատերազմի զինվորը՝ այդ «Неуловимый Джо»-ն («Անորսալի Ջո»), Նիկոլ Փաշինյանն է.

«Դա է հիբրիդային պատերազմը, երբ շնագայլի պես կրծում են մեր պետության քաղաքական և քաղաքակրթական արմատը։ Այո՛, բոլորն էլ միջամտում են Հայաստանի գործերին՝ սկսած Ռուսաստանից, բայց դա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է, որ ով չի ալարում և ունի հնարավորություն՝ միջամտում է Հայաստանի ներքին կյանքին։ «Проходной двор» է սարքել երկիրը։ Էդ երկրի տիրոջը պիտի մեղադրես, ոչ թե միջամտողին, և եթե հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու անհրաժեշտություն կա, ապա հայ ժողովուրդը հենց այդ «Неуловимый Джо»-ի դեմ պիտի պայքարի, որի անունը Նիկոլ Փաշինյան է»։

Ամփոփելով անցնող 2025 թվականը՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ուշադրություն է հրավիրում երկու առանցքային գործընթացի վրա։ Քաղաքագետն առաջին հերթին՝ առանձնացնում է Նիկոլ Փաշինյանի ջանքերով Հայաստանում արմատավորվող ակնհայտ տոտալիտար միտումները, երկրորդը՝ «Թրամփի ուղու»՝ TRIPP-ի մասին օգոստոսի 8-ի համաձայնությունը։

Սուրենյանցի խոսքով՝ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներից սաստկացած քաղաքական հետապնդումներն ու կամայական ձերբակալությունները տեղի էին ունենում այն տրամաբանությամբ, որը Փաշինյանը բարձրաձայնեց դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստին աննշան թվացող մի շատ լոկալ դեպքի առնչությամբ՝ «ձևը գտե՛ք, փակեք»։

«Ձերբակալությունները տեղի են ունեցել այն տրամաբանությամբ, ինչը Նիկոլ Փաշինյանը բացեց մի շատ աննշան թվացող լոկալ դեպքով, երբ մոտ 10 օր առաջ խոսում էր մի խանութի մասին՝ «ձևը գտե՛ք, փակե՛ք»։ Այսինքն՝ ոչ թե օրենքը գործածեք, ոչ թե իրավական կարգավորումներով առաջնորդվեք, ոչ թե հնարավոր օրինախախտության փաստն արձանագրեք և տույժի ենթարկեք, այլ՝ «ձևը գտե՛ք, փակե՛ք»։

Համոզված եմ՝ ասել է՝ «Ձևը գտե՛ք, Սամվել Կարապետյանին փակե՛ք», «Ձևը գտե՛ք, Բագրատ սրբազանի վրա ահաբեկչի պիտակ փակցրե՛ք», «Ձևը գտե՛ք, վեհարանն ազատե՛ք Վեհափառից»։ Հիմա էլ, համոզված եմ, ասում է՝ ձևը գտե՛ք, 2026-ին ցանկալի արդյունք ստացե՛ք ընտրության։ Իր այդ «մի ձև գտե՛ք»-ը դարձել է ՀՀ Սահմանադրությանը փոխարինող և Նիկոլ Փաշինյանի կապրիզների մի ամբողջ համակարգ ստեղծող իրականություն։ Դրանով է ապրում պետությունը»,-  մեկնաբանում է քաղաքագետը։

Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ մեր աչքի առաջ «ֆյուրերիկից» ստանում ենք բռնապետ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի քարոզած «խաղաղությանը»՝ քաղաքագետն ընդգծում է, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամեն ինչ տալն է.

«Այն, որ հիմա սահմանին չեն կրակում, ոչ թե ինստիտուցիոնալ հիմքերի, միջազգային երաշխիքների կամ Ադրբեջան-Հայաստան փաստաթղթավորված պայմանավորվածությունների հետևանք է, այլ՝ միակողմանի նվաստացուցիչ զիջումների, և գալիս եմ Ձեր տրամաբանությանը՝ «բա որ Երևա՞նը տանք՝ ինչքան խաղաղ կլինի»։ Օրինակ՝ հիմա ամենախաղաղ կետն աշխարհում Արցախն է. չկա մարդ, չկա պրոբլեմ։ Հա, պարզ է՝ եթե Երևանը հռչակես «արևմտյան Ադրբեջան» նահանգի կենտրոն, կատարյալ խաղաղություն կլինի, որովհետև ադրբեջանցիք կրակելու անհրաժեշտություն չեն ունենա, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեզ տանում է մեր պետության քաղաքական և քաղաքակրթական ինքնության ոչնչացմանը։ Դրա շնորհիվ է, որ Ադրբեջանը չի կրակում։ Մենք մնացել ենք Ալիևի բարեհաճության, մեծահոգության հույսին»։

Սուրենյանցի խոսքով՝ Ալիևի ձեռքին է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի բանալին, այլ խոսքերով՝ նա կարող է փոթորկել Հայաստանի ներքաղաքական կյանքը ցանկացած պահի՝ ընդամենը երկու կրակոց արձակելով սահմանին. «Երբևէ հիշո՞ւմ եք, որ Հայաստանն այսքան կախված լինի որևէ երկրի քմահաճությունից։ Բայց նա գնում, Կայա Կալասից փող է մուրում՝ մի այլ երկրից պաշտպանվելու համար։ Այսինքն՝ արհեստականորեն դեմոնիզացրել ենք Ռուսաստանին՝ անտեսելու համար Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները։ Խայտառակությունը մեղմ է ասված»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս