Այստեղ կարծես թե խախտվել է ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արել է ՔՊ նախընտրական երգի պրեմիերան: Երգի տեքստի հեղինակն ինքն է: Պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը: Որովհետեւ, այստեղ կարծես թե խախտվել է օրինակ ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը»:

Հիշեցնեմ, որ 2017 թվականին ՀՀԿ հոլովակում հարվածային գործիք էր նվագում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը:

Միայն թե, Կարեն Կարապետյանի պարագայում այդ ամենն ուներ ներդաշնակություն, հաշվի առնելով թե իմիջային հանգամանքները, թե նաեւ այն պարզ իրողությունը, որ Կարապետյանի այդ հետաքրքրությունը ու նախասիրությունը հայտնի էր վաղուց, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում պարզապես ակնառու է արհեստականությունը:

Իհարկե Փաշինյանի էլեկտորատին դա առանձնապես չի էլ հետաքրքրելու: Հարկ եղած դեպքում նրանք ցանկացածի առաջ կպնդեն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հարվածային գործիք առաջին նվագողն է մարդկության պատմության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս