Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ. Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է. «Իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք֊ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ ընդունելի չէ թուրք֊ադրբեջանական տանդեմի համար:
Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն):
2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով:
Այս համատեքստում պետք է հիշենք, մի քանի կարևոր թեզ՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ, որը ցանկանում է Եկեղեցին բարեփոխել: Այդ բարեփոխումները չեն նկատվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ոլորտներում, այդ թվում՝ երկրի անվտանգության համակարգն ամրացնելու, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելու հարցերում․
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ: Նիկոլ Փաշինյանը բացահայտ նախաձեռնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթաց: Վերջինիս անմիջական հովանավորությամբ զավթել են Հովհաննավանքը, փորձ են անում զավթել Թալինի Ս․ Աստվածածին Եկեղեցին, հոգևորականներին ստիպում են խախտելու Սուրբ և Անմահ Պատարագի ընթացակարգը՝ զեղչելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակումը, դրանով իսկ խախտելով նվիրապետական կարգը:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽԱՂԱԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ և բախումների համար պայմաններ ստեղծել: 2025թ․ դեկտեմբերի 18-ին ոստիկանության ծառայողների պաշտպանությամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները խուլիգանական արարքներով Մայր Տաճարում խանգարել են կրոնական ծեսի իրականացմանը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է նաև Մայր Տաճարում պղծություն կատարելը, ինչը չի կարող անհետևանք անցնել:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկությունն ազդարարող Սահմանադրությունից և Հայաստանի օրենքներից բխում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի բացառիկ իրավունքներ: Իշխանության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միակ գլուխը հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ապօրինի քրեական հետապնդումների միջոցով մեկուսացնելու փորձը ծանր հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
Եկեղեցահալած այս գործողությունների դեմ օրենքով չարգելված միջոցներով հակադարձելու, Եկեղեցուն և եկեղեցականներին պաշտպանելու, ինչպես նաև Մայր Տաճարի զավթման փորձերը կանխելու նպատակով մեր շատ հայրենակիցներ միավորվել են՝ անկախ իրենց քաղաքական կամ այլ հայացքներից:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ «ՄԻՋՆԱԲԵՐԴ» ՀԱՐԹԱԿՈՒՄ՝
https://www.facebook.com/profile.php?id=61581809931857
Հ․Գ․
1.Մեզ միանալու համար կարող եք գրել այդ հարթակի կամ անձնական նամակի միջոցով:
Հ․Գ․
2 . Ժողովուրդը պարտավոր է իր Սրբությունները պաշտպանել»։
