ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆԵԼՈՒ, ԵԹԵ ԹՐԱՄՓԸ ՀԵՌԱԽՈՍԸ ՉՎԵՐՑՆԻ. ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց», որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման АИ-95 բենզին․ այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Ավելի ուշ արդեն եղավ նաև երկրորդ լուրը՝ Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը, ըստ էության, վաճառվելու է 430 դրամով:

«…այդպիսի բենզինի գինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել, այսինքն՝ մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է»,- տեսանյութում ասել էր Գևորգ Պապոյանը:

Այս օրերին պարզ դարձավ, որ Հայաստան ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Կարդացեք նաև

Իսկապե՞ս «լավ է» այս տեղեկությունը, տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական գործարք է սա՝ 168am-ը թեմայի մասին այս հարցադրումները հղեց Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին։

Ի պատասխան՝ քաղաքական գործիչը մի քանի տեսանկյունից մեկնաբանեց՝ նախ այն դիտարկելով դեմպինգային քաղաքականության տիրույթում, ապա նաև՝ մեկանգամյա գովազդի համատեքստում, ու մատնանշեց տնտեսագետների մտահոգությունները, որ այսկերպ փորձում են բենզին ներկրողներից ոմանց դուրս հանել շուկայից։

Մեկ այլ հանգամանք, որը շեշտեց Էլինար Վարդանյանը, այս իրողության բարոյական հարթությունն է․ «Արցախի կորստյան և ռազմագերիների պարագայում մեր քաղաքացիներին համոզում են ձեռք բերել ադրբեջանական բենզին.

«Սա տնտեսական առումով անհանգստացնող է և քաղաքական առումով՝ զուտ շոու է՝ հանրությանը համոզելու, որ իրենց խոստացված խաղաղությունը, ի վերջո, եկել է, սիրելի՛ ժողովուրդ, և այդ խաղաղությունն էժան բենզինի տեսքով է»։

Մեր դիտարկմանը, որ սովորաբար  ցանկացած նման գործարքի հետևում լինում է ինչ-որ գին, և հարցին՝ ի՞նչ գին ենք մենք վճարելու այս «հումանիստական ժեստի» համար, մեր զրուցակիցն արձագանքեց․

«Սա ընթացիկ գին է, ընթացիկ քայլ է որոշակի գնի առջև, որովհետև, ըստ իս, Փաշինյանը որոշակի խոստումներ, այնուամենայնիվ, տվել է և պետք է կատարի։ Այդ խոստումներից  է Սահմանադրության փոփոխությունը, և կլինեն նոր խոստումներ, նոր պահանջներ, այդ թվում՝ նաև ադրբեջանցիների բնակեցում ՀՀ-ում։

Իսկ նման մանր շոուները․․․ այսօր բենզին է, վաղը կարող է մեկ այլ մթերք լինել, զուտ համոզելու համար է, որ իսկապես Ադրբեջանի հետ եկել են փոխհամաձայնության՝ մտնելու խաղաղության դարաշրջան»։

Պատգամավորը հիշեցրեց, որ սրան զուգահեռ՝ մենք ականատես ենք լինում Ադրբեջանի շարունակական ոչ կառուցողական հռետորաբանությանը։

«Հետևաբար, սա որոշակի շոու է՝ հետագա պահանջներն ապահովելու համար, իսկ որպեսզի պահանջները կատարվեն և երաշխավորվեն, Ալիևին անհրաժեշտ է, որպեսզի այս իշխանությունը վերարտադրվի, և դրա համար է նաև, որ փորձում են խաղաղության իմիտացիա ստեղծել»,- հավելեց նա։

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի վստահեցմանը, թե Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարվել է, և այն, փաստորեն, ենթադրել է միայն  «Խաղաղության դարաշարջանի» բացում՝ մոռանալով, օրինակ, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին՝  Էլինար Վարդանյանը նկատեց, որ Կառավարության հիշյալ ծրագրի առանցքը հանդիսանում էր հենց Արցախի հարցի կարգավորումը։

«Եթե կհիշեք՝ ձևակերպումը հետևյալն  էր՝ եթե կորցնենք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը։ Հետո ինչ-որ մի պահից մենք տեսանք, որ այս կառավարության հիմնական նպատակը դարձավ ոչ թե Արցախի հարցի կարգավորումը, այլ թվացյալ խաղաղության հասնելը, և այդ թվացյալ խաղաղությունը, իրենց կարծիքով, նախաստորագրված փաստաթուղթն է։ Վերջինն, իմ գնահատմամբ, բխում է Ադրբեջանի շահերից, բայց Ադրբեջանը շարունակում է չստորագրել, որովհետև վստահ է՝ Փաշինյանից դեռ կարող է ստանալ ավելին։

Եվ Փաշինյանի այդ երանելի ձևակերպումները, թե ինքը կատարել է Կառավարության առջև դրված խնդիրն ու բացել է խաղաղության դուռը, ըստ էության, մոլորություն է, որովհետև մենք ինքներս էլ հասկանում ենք, որ այդ խաղաղությունը չունի որէ երաշխիք»,- պարզաբանեց նա։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը, Թրամփի ներկայությունը չի երաշխավորում, պատգամավորն արձագանքեց․

«Իսկ եթե Թրամփը հեռախոսը չվերցնի՞․ երաշխիքներն ամրագրվում են փաստաթղթում»։

Զրույցի վերջում՝ իր ամանորյա բարեմաղթանքում, Էլինար Վարդանյանը հորդորեց չհուսահատվել՝ նկատելով, որ «ունենք հնարավորություն  Հայաստանը դարձնել մեր երազած հայրենիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս