Կիմ Չեն Ընը հետևել է նորագույն զենիթային հրթիռների փորձարկմանը և միջուկային սուզանավի շինարարությանը
Հյուսիսային Կորեան փորձարկել է նորագույն զենիթային հրթիռներ, որոնց արձակմանը հետևել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այս մասին հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։
«Դեկտեմբերի 24-ին ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր գործակալությունը Ճապոնական ծովում փորձարկել է մշակվող նորագույն մեծ բարձրության և մեծ հեռահարության զենիթային հրթիռներ», – հայտնել է գործակալությունը։
Նշվում է, որ սա առաջին փորձարկումն էր, որն ուղղված էր զենիթային հրթիռի նոր համակարգի մարտավարական և տեխնիկական բնութագրերի գնահատմանը՝ որպես հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաների մշակման մաս։
Արձակված հրթիռները խոցել են 200 կմ հեռավորության վրա գտնվող պայմանական օդային թիրախներ։
Կիմ Չեն Ընը նաև այցելել է ռազմավարական կառավարվող հրթիռներով միջուկային սուզանավի կառուցման վայր և կոչ արել շարունակել «միջուկային վահանի» ամրապնդումը։ Այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է ռազմավարական միջուկային հարձակողական սուզանավի կառուցման աշխատանքների կարևորությունն ինքնապաշտպանության քաղաքականությունն իրականացնելու համար։
Նա նշել է, որ Հարավային Կորայի ծրագիրը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ միջուկային սուզանավ մշակելու վերաբերյալ, կհանգեցնի Կորեական թերակղզում անկայունության։
