Սկսվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը․ կառաքվի Socar-ի AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն
Ադրբեջանական պետական APA գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կմեկնարկի այսօր Վրաստանի տարածքով։
APA լրատվական գործակալության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն այսօր կուղղվի դեպի Հայաստան՝ նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Ըստ հրապարակման, ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներով։
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեկտեմբերի 5-ին Թբիլիսին իր գործընկերներից դիմում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման վերաբերյալ. «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներին» հանձնարարվել է անհապաղ իրականացնել երկաթուղով միանվագ, լիովին անվճար բեռնափոխադրում»։
