«Հիմա ի՞նչ ենք անելու. լացելո՞ւ ենք, թե՞ գործ ենք անելու. ԵՄ-ն ստիպված է ծափ տալու այս խաղի մեջ». Միքայել Նահապետյան

Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Երևանը 2026-ի ընտրություններից առաջ Բրյուսելից աջակցություն է խնդրել՝ արտաքին միջամտության դեմ պայքարի համար:

Ըստ Կալլասի, հարցը քննարկել են ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս կայացած հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Երեկ խորհրդարանում իշխանական պատգմավորներն այդպես էլ հստակ չասացին, թե արտաքին միջամտությունը կոնկրետ ո՞ր երկրից է, միայն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե արտաքին միջամտության վտանգ են տեսել, ուստի դիմել են ԵՄ-ին։

Կարդացեք նաև

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ Հայաստանի ներքին գործերին միջամտում են բոլոր այն սուբյեկտները, որոնք շահեր ունեն այստեղ, այդ թվում՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, ԵՄ։

«Այս բոլոր միջամտություններից ԵՄ-ին հատկապես հետաքրքրում է Ռուսաստանի միջամտությունը։ Հայաստանում կան ռուսամետ գործիչներ, ռուսական ֆինանսավորում։ ԵՄ-ին իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տեսանկյունից միայն այս միջամտությունն է հետաքրքրում։

Ինչ վերաբերում է բուն գործառույթին, կարծում եմ՝ այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյանին ֆինանսական կտորը չէ, որ հետաքրքրում է, նրան հետաքրքրում է քարոզչության և աշխարհաքաղաքականության կտորը։ Եթե ինքը կարողանա համոզել, որ Հայաստանում ռուսական մեծ օպերացիա է տեղի ունենում, և դրա համար ներգրավի ֆինասական միջոցներ, ռեսուրսներ և այլն, անկախ ընտրությունների արդյունքներից և ներքաղաքական վիճակից, ինչ քայլի էլ ցանկանա դիմել, օրինակ՝ ստադիոնում մարդկանց հավաքի ու գնդակահարի, անունը դնի՝ ռուսական ազդեցության գործակալներից ազատագրում, ԵՄ-ն ստիպված է ծափ տալու այս խաղի մեջ»,- 168.am հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։

Շարունակելով, մեր զրուցակիցն ասաց՝ հիմա Նիկոլ Փաշինյանը «ԵՄ-ից մի քանի մլն բեհ է վերցնում», իսկ մնացածը ստիպված են անելու, քանի որ այդպես չի լինում, որ տորթի մոմերը փչեն, բարց մարդու ծնունդը չշնորհավորեն։

Ինչ վերաբերում է Մոլդովայի օրինակին և հարցին, թե հնարավո՞ր է՝ առաջիկա ընտրությունների շեմին Մոլդովայի սցենարը գործի նաև Հայաստանում, Միքայել Նահապետյանը պատասխանեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ բացառել պետք չէ։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն Հայաստանում գործող ուժերը, որքան գրագետ, կազմակերպված և ողջամիտ։ Լավ աշխատելու դեպքում այս մանկապարտեզը որևէ էական ազդեցություն չի ունենա, այսինքն՝ բեկումնային ու վճռորոշ չի լինելու։

Եթե Հայաստանի ներքաղաքական դաշտում փոփոխություն ցանկացող ուժերը լավ աշխատող ռազմավարություն չունենան, իհարկե, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է»,- հավելեց Միքայել Նահապետյանը։

Նա հիշեցրեց՝ «հայ ազգը հազար ցավ տեսած ժողովուրդ է», Ռուսաստանի հովանավորությունը տարբեր իշխանությունների ժամանակ տեսել է, բայց  դա չի խանգարել, որ հարկ եղած փոփոխություններն անի իր երկրում։

«Եթե մենք հարցին ճիշտ մոտեցում ենք ցուցաբերել, ամեն ինչ լավ ենք կազմակերպում, մեր ուզածն առաջ ենք կարողանում տանել։ Աշխարհաքաղաքական սուբյեկտներ միշտ լինելու են, միշտ իրենց շահերն են առաջ տանելու, բայց մենք հիմա ի՞նչ ենք անելու. լացելո՞ւ ենք, թե՞ գործ ենք անելու, սա է կարևորը»,- շեշտեց Միքայել Նահապետյանը։

Հարցին՝ այս պահին տեսնո՞ւմ է քաղաքական ուժերի, որոնք գրագետ են գործում իշխանությունների դեմ, նա պատասխանեց.

«Դեռ չեմ տեսնում, մի քանի առաջատար ուժերի ռազմավարության մեջ բավականին խոցելի բաներ կան, չգիտեմ, թե ինչպես են պատրաստվում հաղթահարել»։

Տեսանյութեր

Լրահոս