ԱՄՆ-ի վարչակազմը 12 միլիարդ դոլար օգնություն կհատկացնի ֆերմերներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 12 միլիարդ դոլար օգնություն կհատկացնի ամերիկացի ֆերմերներին, որոնք տուժել են Սպիտակ տան առևտրային քաղաքականության հետևանքներից։ Այդ մասին հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից:

Թրամփը հայտարարել է օգնության փաթեթի մասին, որը մի քանի ամիս քննարկվում էր Սպիտակ տանը ֆերմերների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:

Փաթեթի հիմնական մասը՝ 11 միլիարդ դոլարը, կծախսվի Farmer Bridge Assistance ծրագրի միջոցով միանվագ վճարումների վրա, որը նախատեսված է հացահատիկային և լոբազգի մշակաբույսեր աճեցնող ֆերմերներին աջակցելու համար։ Մնացած 1 միլիարդ դոլարը կծախսվի այս ծրագրի մեջ չընդգրկված գյուղատնտեսական արտադրողներին օգնություն ցուցաբերելու համար։

«Վճարումները լուրջ աջակցություն կցուցաբերեն, մասնավորապես, ամերիկացի սոյա արտադրողներին, որոնք այս տարի զգալի ֆինանսական կորուստներ են կրել»,–գրում է The Wall Street Journal-ը։

Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի հետևանքով Չինաստանն ամերիկյան սոյայի ներմուծումը կրճատել է՝ գործնականում հասցնելով զրոյի՝ մինչև հոկտեմբերի վերջին երկու կողմերը գործարք կնքեցին։

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարար Բրուք Ռոլինզը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ ֆերմերները կկարողանան օգնություն ստանալու հայտը կներկայացնել հաջորդ ամսից, իսկ միջոցները կսկսեն ստացվել փետրվարի վերջին։ Ֆերմերներն ասում են, որ միջոցներն իրենց կօգնեն մարել պարտքերը և ֆինանսավորել հաջորդ տարվա ցանքի արշավը։

Տեսանյութեր

Լրահոս