Հայաստանը խաղում էր մարտական ոգով և կրքով․ Մարկո Ռոսի
Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հունգարիայի ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին։
Խաղից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին պատասխանել է լրագրողների հարցերին։
– Ակնկալո՞ւմ էիք ավելի հեշտ խաղ։ Ավելի՞ բարդ էր, քան կանխատեսում էիք։
– Առաջին խաղակեսում խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք, և նույնիսկ հնարավորություն ունեինք կրկնապատկելու առավելությունը։ Բայց ընդմիջումից հետո ինչ պատահեց իմ թիմի հետ՝ չեմ հասկանում, ամեն ինչ փոխվեց։ Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում մեզնից անհամեմատ լավ էր խաղում, իսկ իր ամենավտանգավոր պահերը ստեղծեց մեր սխալներից։ Մրցակցի ակտիվացման հետ մեկտեղ մենք այլևս չէինք գտնում պատասխան նրա կազմակերպված և ագրեսիվ խաղին, որը առաջին խաղակեսում դեռ կառավարում էինք։
-Այդ ֆոնին ինչպե՞ս եք գնահատում նվազագույն հաղթանակը (1:0)։
– 90 րոպե շարունակ բարձր պրեսինգ իրականացնելը անհնար է, բայց մեր երկրորդ խաղակեսը, հավանաբար, ամբողջ ընտրական փուլում ամենավատն էր, այնպես որ 1:0 հաշվով հաղթանակը կարելի է ընդունել։ Չեմ ուզում մեղադրանքը միայն ֆուտբոլիստների վրա դնել․ յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը, բայց առաջին հերթին պատասխանատվությունը իմ վրա է։ Պետք է վերլուծենք ամբողջ հանդիպումը, որովհետև նման տարբերություն երկու խաղակեսերի միջև չպետք է լինի։
– Հայաստանը երկրորդ խաղակեսում ինչ-որ բանո՞վ ձեզ զարմացրեց։
– Ավելի շուտ զարմացրեց այն, որ մեր ֆուտբոլիստները չկարողացան կանգնեցնել մրցակցի նախաձեռնությունը՝ ինչպես արեցին առաջին խաղակեսում։ Հայաստանը խաղում էր մարտական ոգով, կրքով, լարվել էր պայքարը, և խաղի ընթացքում նման զգացողություններ չէի սպասում։
– Արդեն ավելի քան յոթ տարի ղեկավարում եք Հունգարիայի հավաքականը։ Ինչպե՞ս եք գնահատում թիմի զարգացումը։ Պատրա՞ստ է թիմը Աշխարհի առաջնությանը։
– Պորտուգալիայի հետ խաղից հետո շատ ավելի վստահ էի, բայց Երևանում երկրորդ խաղակեսում մեր ցուցադրածը ինձ անհանգստացրեց։ 40-ամյա դադարից հետո մենք շատ ենք ուզում Աշխարհի առաջնությունում խաղալ։ Կատակով կարող եմ ասել՝ պատրաստ եմ խոր ծախսերի գնալ, միայն թե դա իրականանա, բայց խնդրում եմ դա լրջորեն չընդունել։
Armsport.am

