
Լիտվան վերջնականապես անջատվել է Ռուսաստանի էլեկտրացանցից

Լիտվական էլեկտրաէներգիայի փոխանցման Litgrid օպերատորը հայտարարել է Լիտվան Կալինինգրադի մարզին կապող միջսահմանային էլեկտրահաղորդման գծերի հատվածների լիակատար ապամոնտաժման մասին։ Ըստ օպերատորի՝ դա նշանակում է ռուսական ցանցից վերջնական անջատում և ամրապնդում է մայրցամաքային Եվրոպայի էլեկտրաէներգետիկ համակարգին ինտեգրումը, հաղորդում է Delfi-ն։
«Բոլոր ապամոնտաժման աշխատանքներն ավարտելուց հետո մենք լիովին կազատվենք ավելորդ ենթակառուցվածքներից, այդպիսով էլ ավելի ամրապնդելով մեր էներգետիկ անկախությունը»,- հայտարարել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասիյուլիսը։
Գծերի ապամոնտաժումն, ըստ տեղեկությունների, սկսվել է այս տարվա փետրվարի 8-9-ին՝ Բալթյան երկրների մայրցամաքային Եվրոպայի էլեկտրացանցի հետ համաժամանակացումից անմիջապես հետո։
Կալինինգրադի մարզի հետ կապված ընդհանուր առմամբ վեց օդային էլեկտրահաղորդման գծեր են ապամոնտաժվում՝ երեք 330 կՎ գծեր և երեք 110 կՎ գծեր։ Ըստ օպերատորի՝ ապամոնտաժման աշխատանքների ընթացքում մասնագետները հեռացնում են լարերը և մեկուսիչները, ապամոնտաժում հենասյուները, մաքրում և ազատում տարածքը։ Նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Բելառուսի հետ սահմանին. ընդհանուր առմամբ անջատվելու և ապամոնտաժվելու է 12 միջհամակարգային կապող գիծ, որոնցից հինգը՝ 330 կՎ, իսկ յոթը՝ 110 կՎ։
Մինչև 2027 թվականի կեսերը նախատեսվում է ամբողջությամբ ապամոնտաժել Կալինինգրադի և Բելառուսի հետ միջհամակարգային կապող գծերը։ Նախատեսվում է կարգի բերել մաքրված տարածքները, իսկ չեղարկված սերվիտուտները հողատերերին հնարավորություն կտան օգտագործել իրենց հողամասերն առանց սահմանափակումների։
Փետրվարի 9-ին Բալթյան երկրները համաժամեցվեցին մայրցամաքային Եվրոպայի էլեկտրացանցի հետ, նախկինում 65 տարի Ռուսաստանի և Բելառուսի հետ կիսելով ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգ՝ այսպես կոչված БРЭЛЛ օղակը։ Բալթյան երկրները մյուս եվրոպական երկրներին միացան շնորհհիվ LitPol Link-ի, որը Լիտվայի և Լեհաստանի միջև համաժամյա ցամաքային կապ է։