
Էրդողանը մեղադրել է Իսրայելին ագրեսիայի մեջ և ՀՕՊ-ն անվանել Թուրքիայի առաջնահերթությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության փակ նիստում զգուշացրել է կողմնակիցներին տարածաշրջանում Իսրայելի «աճող ագրեսիայի» մասին և նշել երկրի անվտանգության ապահովման գործում հակաօդային պաշտպանության համակարգերի առանցքային դերը: Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար զինված ուժերին 460 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 47 միավոր տեխնիկա փոխանցելու մասին:
«Կատարի վրա նենգ հարձակումը ցույց տվեց, որ «Պողպատե գմբեթը» մեր ճիշտ քայլն է։ Իսրայելի ագրեսիվությունը տարածաշրջանում մեծացել է», – հայտարարել է Էրդողանը։
Անկարան մշակում է «Պողպատե գմբեթ» բազմաստիճան ՀՕՊ համակարգ՝ այն դիրքավորելով որպես իսրայելական «Երկաթե գմբեթից» ավելի արդյունավետ համալիր։ Էրդողանի գլխավորությամբ անցկացված պաշտպանական կառույցների նիստում քննարկվել է նաև ռուսական «С-400» համալիրները ազգային հակաօդային պաշտպանության համակարգին կցելու հեռանկարը:
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 9-ին հայտարարել է «Կրակե գագաթ» գործողության մեկնարկի մասին և հարվածներ հասցրել Դոհայում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյաներին: Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վերացնելու գործողությունը, որի պատասխանատվությունը ինքն է կրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին Իսրայելի հարվածներն անվանել է «դժբախտ պատահար»` նշելով, որ այդ թեմայով խոսել է Նեթանյահուի հետ։
Արաբական երկրների մեծ մասն արդեն դատապարտել է Իսրայելի գործողությունները և լիակատար համերաշխություն հայտնել Կատարին՝ նշելով, որ Իսրայելի ագրեսիան սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Արաբական երկրները նաև կոչ են արել միջազգային հանրությանը վերջ դնել իսրայելական հարձակումներին:
Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման ալ Թանին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դոհան իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Իսրայելին և կոչ է արել դադարեցնել «Նեթանյահուի խելահեղությունը», որն ամբողջ Մերձավոր Արևելքն ու Պարսից ծոցը տանում է դեպի ավելի լայնածավալ հակամարտություն: