
Հութիները հայտարարել են, որ հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Թել Ավիվի մի քանի ռազմավարական օբյեկտների վրա հիպերձայնային բալիստիկ՝ բաժանվող մարտական բլոկներով հարձակման մասին:
«Հրթիռային ստորաբաժանումները կիրառել են «Պաղեստին-2» տիպի բալիստիկ հիպերձայնային հրթիռ՝ բաժանվող մարտական մասով։ Թիրախ են դարձել իսրայելական Հաֆայի շրջանում մի քանի զգայուն օբյեկտներ։ Գործողությունը հասել է իր առջև դրված նպատակներին և ստիպել միլիոնավոր սիոնիստ բնակիչների զանգվածաբար պատսպարվել ապաստարաններում», – Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Հութիները 2023 թվականի վերջից հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով Գազայի պաղեստինցիների հետ համերաշխությամբ, որտեղ շարունակվում է իսրայելական ռազմական գործողությունը: Այս հարձակումների մեծ մասը կանխվել են հակահրթիռային պաշտպանության միջոցներով, սակայն արձանագրվել են նաև հարվածներ Իսրայելի տարածքում։ Ի պատասխան՝ Իսրայելի բանակը մի քանի ծավալուն օդային գործողություններ է իրականացրել Եմենում հութիների օբյեկտների դեմ` ներառյալ նավահանգիստները, էլեկտրակայանները, գործարանները և Սանայի օդանավակայանը: