
Հյուսիսային Կորեան ավելի մեծ թվով մարդկանց է մահապատժի ենթարկում, այդ թվում՝ արտասահմանյան ֆիլմեր դիտելու համար. ՄԱԿ

Հյուսիսային Կորեայի կառավարությունը ավելի ու ավելի է դիմում մահապատժի, այդ թվում՝ օտարերկրյա ֆիլմեր և հեռուստասերիալներ դիտելու և տարածելու համար բռնված մարդկանց նկատմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։
Բացի այդ, ըստ զեկույցի՝ ԿԺԴՀ-ն իր ժողովրդին ենթարկում է ավելի շատ հարկադիր աշխատանքի՝ միաժամանակ ավելի շատ սահմանափակելով նրանց ազատությունները։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը պարզել է, որ վերջին տասնամյակում Հյուսիսային Կորեան խստացրել է վերահսկողությունը «քաղաքացիների կյանքի բոլոր ասպեկտների» նկատմամբ։
«Այսօրվա աշխարհում ոչ մի այլ բնակչություն նման սահմանափակումների չի ենթարկվում», – նշում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը՝ հավելելով, որ հսկողությունը դարձել է «ավելի լայնատարած», մասամբ՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը նշել է, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա հյուսիսկորեացիները «կենթարկվեն ավելի շատ տառապանքների, դաժան բռնաճնշումների և վախի, որին նրանք դիմացել են այդքան երկար»:
Զեկույցը հիմնված է վերջին 10 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայից հեռացած մարդկանց հետ անցկացված ավելի քան 300 հարցազրույցների վրա։ Զեկույցի հեղինակները պարզել են, որ ԿԺԴՀ-ում մահապատիժն ավելի հաճախ է կիրառվում։
2015 թվականից ի վեր ընդունվել է առնվազն վեց նոր օրենք, որոնք թույլ են տալիս կիրառել մահապատիժ: Մահապատժի ենթակա հանցագործություններից մեկը օտարերկրյա մեդիա բովանդակության, օրինակ՝ ֆիլմերի և հեռուստասերիալների դիտումն ու տարածումն է։
Երկրից փախուստի դիմած մարդիկ ՄԱԿ-ի հետազոտողներին ասել են, որ 2020 թվականից սկսած ավելի շատ մահապատիժներ են եղել օտարերկրյա բովանդակություն տարածելու համար: Նրանք նկարագրել են, թե ինչպես են այդ մահապատիժներն իրականացվում հրապարակայնորեն՝ մարդկանց մեջ վախ սերմանելու և օրենքը խախտելուց նրանց հետ պահելու համար։
Բացի այդ, փախուստի դիմած գրեթե բոլոր անձինք հայտնել են, որ սննդի պակաս ունեն, և օրական երեք անգամ սնվելը «շքեղություն է»։ 2025 թվականի ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի տխրահռչակ քաղաքական բանտ-ճամբարներից առնվազն չորսը դեռ գործում են։ Սովորական բանտերի բանտարկյալները ևս, ըստ հարցազրույցների մասնակիցների, ենթարկվում են խոշտանգումների։ ՄԱԿ-ը կոչ է անում, որ այս իրավիճակով զբաղվի Հաագայի Միջազգային քրեական դատարանը։