
Նորվեգիայի իշխող կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում

Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել իշխող Աշխատավորական կուսակցությունը և ձախ կենտրոնամետ կոալիցիայի գծով նրա դաշնակիցները: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Սեպտեմբերի 8-ի երեկոյան հրապարակված քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո գործող վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ստացել է ընտրողների ձայների 28,2%-ը:
Ձախ դաշինքի չորս այլ կուսակցությունների հետ միասին Ստյորեն կարող է 87 մանդատ ակնկալել 169-տեղանոց միապալատ խորհրդարանում (Ստորտինգ) այն դեպքում, երբ մեծամասնության համար անհրաժեշտ է առնվազն 85 մանդատ: Սա նշանակում է, որ չորս տարի իշխանության գլուխ գտնվող Ստյորեն, ակնհայտորեն, կպահպանի վարչապետի պաշտոնը: Դրա հետ մեկտեղ Աշխատավորական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չի ունենա և ստիպված կլինի ապավինել կոալիցիայի գծով գործընկերների աջակցությանը:
«Սա ազդանշան է մյուս երկրների համար, որ սոցիալ-դեմոկրատիան կարող է հաղթել, չնայած աջ ուժերի ալիքին», – հայտարարել է Ստյորեն իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ:
Միևնույն ժամանակ, աջերի դիրքերն ամրապնդվել են։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը կլինի Սիլվի Լիստհաուգի գլխավորած աջ լիբերալ և մասամբ աջ պոպուլիստական «Առաջընթացի կուսակցությունը», որն ստացել է ձայների 23,9%-ը: Սա 12,3%-ով ավելի է 2021 թվականին կայացած ընտրությունների արդյունքների համեմատությամբ:
«Այսօր երեկոյան մենք կտոնենք մեր պատմության մեջ լավագույն արդյունքը, և իմ նպատակն է, որ սա միայն սկիզբը լինի», – ասել է Լիստհաուգը:
Աջ պոպուլիստներին հաջորդում է նախկին վարչապետ Էռնա Սոլբերգի գլխավորած Պահպանողական կուսակցությունը, որն ստացել է ձայների 14,6%-ը:
Սեպտեմբերի 8-ին անցկացված ընտրություններում ձայնի իրավունք ուներ շուրջ 4 միլիոն քաղաքացի: Ընտրողների մասնակցությունը կազմել է 78,9%: Քվեարկության վերջնական արդյունքներն սպասվում են առաջիկա օրերին: