
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է, այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների վերաբերյալ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, որոնցից 5-ը բացահայտվել են, 1 անձ ձերբակալվել է, իսկ մյուս 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
«Հետք»-ը հաղորդել էր, որ տոմսերի սպառումից ժամեր անց դրանք հայտնվեցին սև շուկայում։ Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում էր 1 միլիոն դրամի շեմը։
Լրատվամիջոցը գրել էր նաև, որ բազմապատիկ թանկ գնով սև շուկայում վաճառվել են նաև ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը։