Բաժիններ՝

Իրանը հորդորել է եվրաեռյակին «սեփական շահից ելնելով» վերանայել դիրքորոշումը պաշտոնական Թեհրանի հանդեպ

Իրանը պատրաստ է վերականգնել միջազգային տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ և սահմանափակել ուրանի հարստացումն Արևմուտքի պատժամիջոցների վերացման դիմաց։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին բրիտանական The Guardian պարբերականում տպագրված հոդվածում։

«Իրանը պատրաստ է կնքել իրատեսական և երկարաժամկետ գործարք, որը ենթադրում է [օբյեկտների] խիստ վերահսկողություն և [ուրանի] հարստացման սահմանափակումներ՝ պատժամիջոցների վերացման դիմաց։ Այս անցողիկ հնարավորությունից չօգտվելը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար և դրանից դուրս՝ բոլորովին նոր մասշտաբով», – նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին կոչ է արել եվրոպական երկրներին կուրորեն չհետևել Վաշինգտոնի գծին՝ նշելով, որ հակառակ պարագայում Եվրոպայի դերը միջազգային հարաբերություններում էլ ավելի կփոքրանա։

«Կարող է թվալ, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան գործում են Իրանի դեմ։ Բայց ճշմարտությունն այն է, որ նրանք դիտավորյալ անխոհեմ ուղի են ընտրում՝ հիմնվելով այն տրամաբանության վրա, որ դա կարող է նրանց տեղ ապահովել բանակցային սեղանի շուրջ այլ հարցերով։ Սա սխալ հաշվարկ է, որը անխուսափելիորեն կշրջվի նրանց դեմ», – ասել է նա։

Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անթաքույց կերպով եվրաեռյակին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, դիտարկում է որպես երկրորդական դերակատար։

«Սա ակնհայտ է դառնում՝ տեսնելով, թե ինչպես է Եվրոպան մեկուսացված իր ապագայի համար կարևորագույն հարցերից, այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից», – գրել է նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս