Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը պնդում է` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշումն իրենն է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պնդում է, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե նշանակման որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր, որին ինքը դեմ չի գնացել։

«Ո՛չ, Ռոմանոս Պետրոսյանին ես եմ նշանակել իմ որոշմամբ, որովհետև ճանաչում եմ բավականին վաղուց։ Գնահատելով նրա կառավարչական որակները, հատկապես վերջին 3 ու կես տարիների ընթացքում ՊՎԾ-ում իր կառավարչական արդյունավետ աշխատանքը, իսկ այս պահին, իմ համոզմամբ, ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչը պետք է լավ մենեջեր լինի, և այդ որակները, այդ կրթությունն օրենքով սահմանված պահանջներին բավարար լինելու պայմաններում իմ ընտրությունը կանգնել է նրա վրա»,- ասաց Մեսրոպյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Փաշինյանը դեմ լիներ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածությանը, Մեսրոպյանը նշեց. «Ես եմ որոշում»։ Նրա խոսքով՝ օրենքով դա իրեն տրված բացառիկ իրավունք է։

Անդրադառնալով իր քաղաքական անցյալին՝ ՀԾԿՀ նախագահը նշեց, որ չի ամաչում դրա համար, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, չի բացառում, որ պաշտոնից հեռանալուց հետո կվերադառնա ՔՊ։

Տեսանյութեր

Լրահոս