Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների շուրջ 34 հազար զինծառայողներ զորավարժությունների կմասնակցեն Լեհաստանում

Լեհաստանում սեպտեմբերին նախատեսված զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների շուրջ 34 հազար զինծառայողներ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Iron Defender («Երկաթե պաշտպան») կոդային անվանմամբ համալիր զորավարժությունները 2025 թվականին Լեհաստանի զինված ուժերի ամենախոշոր և ամենակարևոր ուսումնական նախաձեռնություններից է։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն ցամաքում, ծովում, օդում և կիբեռտարածությունում:

Հայտարարությունում ընդգծվում է, որ դաշնակիցները Լեհաստանի զինված ուժերի զինծառայողների հետ կմշակեն հակառակորդի հարձակումը արդյունավետորեն զսպելու և Լեհաստանի տարածքը պաշտպանելու ունակությունը: Հատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանային պլանների շրջանակներում օպերատիվ և մարտավարական որոշումների կատարելագործմանը:

Նշվում է նաև, որ զորավարժություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ, դրանց նպատակն է դրսևորել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միասնությունը, պրոֆեսիոնալիզմը և մարտունակության հետևողական կատարելագործումը։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշն ավելի վաղ հայտարարել էր, որ զորավարժությունները լինելու են պատասխան Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի մասնակցությամբ այս տարվա ամենամեծ՝ «Զապադ-2025» զորավարժություններին, որոնք կայանալու են սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս