Բաժիններ՝

Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահները քննադատել են Զելենսկիի որոշումը հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կոչ են արել չընդունել օրենք, որը գլխավոր դատախազին թույլ կտա անմիջական վերահսկողություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների նկատմամբ։  Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։

Ինչպես նշվում է հոդվածում, Մակրոնը և Կոշտան այս շաբաթ բանակցություններ են վարել Վոլոդիմիր Զելենսկիի հետ և կոչ են արել նրան «վերանայել բարեփոխումը»։

Հրատարակության հաղորդմամբ՝ հուլիսի 22-ի ուշ երեկոյան, երբ օրենքն արդեն ստորագրվել էր, Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան և կաբինետի այլ բարձրաստիճան անդամներ «սկսել են զանգահարել և հաղորդագրություններ ուղարկել արևմտյան դիվանագետներին՝ փորձելով արդարացնել Կիևի դիրքորոշումը»։

ԵՄ տնտեսության և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկին Financial Times-ին նույնպես ասել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը «կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի բարեփոխումների օրակարգի համար, և նրանք պետք է գործեն անկախ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու և հանրային վստահությունը պահպանելու համար»։ Նա ընդգծել է, որ դաշինքի «ներկայիս ֆինանսական օգնությունը Ուկրաինային պայմանավորված է թափանցիկությամբ, դատական բարեփոխումներով և ժողովրդավարական ինստիտուտների գործունեությամբ»։

«Նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի ուղուն դեպի ԵՄ անդամակցություն, որը նաև կպահանջի լուրջ հակակոռուպցիոն կարողություններ», – նշել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ևս քննադատել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը։

«Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների անկախության սահմանափակումը բարդացնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ։ Ես ակնկալում եմ, որ Ուկրաինան հետևողականորեն կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը։ Ահա թե ինչու ես Կիևում հանդիպել եմ նաև Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավարների հետ», – Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեղ ծրագիրը «պետք է պատրաստ լինի» հուլիսի 22-ին նոր օրենսդրության ստորագրումից հետո երկու շաբաթվա ընթացքում։

Օրինագծի ստորագրումը, որը նախատեսում է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության լիազորությունների սահմանափակում, երկրում  ցույցերի, ինչպես նաև միջազգային քննադատության պատճառ է դարձել։ Տեսաուղերձում Զելենսկին հայտարարել է, որ հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, պարզապես «առանց ռուսական ազդեցության»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս