
2019-ի ամռանը ՀՀ վարչապետը հրապարակավ հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»` դրանով ինքն իր համար ընտրելով «ծանր ճակատագիր». Ալիև

Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների թեմաներից մեկը վստահության ցածր մակարդակն էր։ Այս մասին, ինչպես հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես նշել է Ալիևը օկուպացված Ստեփանակերտում անցկացվող մեդիահամաժողովի ժամանակ, Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, մինչդեռ հայկականը, նրա խոսքով, փոխվել է բազմիցս: Նա հայտարարել է, որ ըստ այդմ, Ադրբեջանին երաշխիք է պետք, որ դա կրկին տեղի չի ունենա։
Ադրբեջանի նախագահի կարծիքով` նման երաշխիք պետք է ապահովեն միջազգային իրավական նորմերն ու փաստաթղթերը։ Դրա համար, ըստ Ալիևի, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։
Նրա խոսքով` խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախաստորագրման գաղափարն առաջ է քաշել ադրբեջանական կողմը:
Ալիևը վստահ է, որ կողմերն արդեն հեռու չեն այն պահից, երբ «անջատողականության դագաղը» վերջնականապես կծածկվի երկաթբետոնով, և այդ ժամանակ, նրա պնդմամբ, տարածաշրջանում հանգստություն կլինի:
Նա դրական է գնահատել Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։
Ալիևը ծանոթացել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ վաղուց էր պետք Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նա շեշտում է, որ այդ մասին ինքը բազմիցս ասել է Նիկոլ Փաշինյանին։
Ալիևի խոսքով՝ 2019-ի ամռանը Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»` դրանով ինքն իր համար ընտրելով «ծանր ճակատագիր»: