Մեզ միավորող ցավը ավելին է, քան բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը․ Աշոտյանը` ՀՅԴ-ին

«Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական և անբնական, հիմնավոր և անհիմն, հատվածական և ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի և կյանքի, կալանքի և ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին և գործընկերներին։

Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության և սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին։

Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։
Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:

Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։

Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։

Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ և կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։

Տեղադրում եմ, որովհետև ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։

Որովհետև մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները և մուննաթը։

Որովհետև մեր ժողովրդի շահը մեկն է, և մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։
Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից։

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն և հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի և չի կարող արձագանքել նաև ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։

Տեսանյութեր

Լրահոս