Ամենաամոթալին այն է, որ հրամանը ստորագրողը փորձում է արդարանալ, թե իրեն ստիպում են, որ այլ ելք չունի. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեփական արժանապատվությունը նյութական շահին ստորադասող, անարժեք ու անսկզբունք մարդիկ. ահա՝ ում ձեռքերում է Երևանի պետական համալսարանի կառավարումն այսօր:

Դու կարող ես լինել տարբեր արժեքների կրող (կամ անարժեք), ընտրել և առաջնորդվել կյանքում ամենատարբեր սկզբունքներով (կամ լինել անսկզբունքային), բայց քո սեփական վախկոտությունն ու հպատակաությունը որևէ ոլորտի կամ կառույցի վրա տարածելու իրավունք չունես: Չունե՛ս իրավունք՝ առաջնորդելու ու պիտակավորելու կառույցը սեփական անկարողությամբ:

Երեկ ԵՊՀ-ի հետ աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցում են ստացել իմ համալսարանական ընկերները:

Անօրինական ճանապարհով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի կոպիտ խախտմամբ հեռացրել են աշխատանքից մի ամբողջ ստորաբաժանման աշխատակիցների, իսկ ստորաբաժանումը՝ լուծարել:

Ամենաամոթալին այն է, որ այդ հրամանը ստորագրողը փորձում է արդարանալ, թե իրեն ստիպում են, որ գնա այդ քայլին, այլ ելք չունի:

Շտապեմ ուրախացնել (կամ միգուցե՝ հիասթափեցնել) նրան, այլ ելք կա, դա արժանապատիվ ապրելն ու բարոյական լինելն է, աթոռը սկզբունքներից վեր չդասելն է, պաշտոնը՝ հանուն ԵՊՀ-ի և ոչ՝ դրա դեմ օգտագործելն է… այլընտրանք կա, այլ է հարցը, որ այլընտրանքը միշտ ենթադրում է հետևանքներ, որոնք ընտրելով ստիպված էիք լինելու գերադասել ԵՊՀ շահը՝ սեփականից:

Այդ որոշումը արդարացված չէ ո´չ աշխատանքային, ո´չ էլ բարոյական տիրույթում: Ցավալին այն է, որ այդ հրամանը ստորագրած սուբյեկտը լավատեղյակ էր և՛ կառույցի հայրենանպաստ գործունեությունից և՛ ուսանողների՝ կառույցի շուրջ ունեցած համախմբվածությունից ու նվիրվածությունից…

Տարիներ շարունակ ուսանողական կառույցների ինստիտուցիոնալ ժառանգությունը ապահովելուց և առանց որևէ շեղումների (և մի բան էլ ավել) իր ռազմավարական նպատակները իրականացնելուց զատ, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի թիմը շուրջ 20 տարի նվիրված է եղել իր հիմնական առաքելությանը՝ երիտասարդ համալսարանականների մեջ ազգային մտածելակերպի ձևավորմանը և գաղափարական դաստիարակությանը:

Այս ամենից հետո ասել՝ «ինձ ստիպում են», և «ստիպված» ստորագրել անօրինական հրաման, նշանակում է չունենալ պատիվ և չլինել արժանի՝ կոչվել Երևանի պետական համալսարանի ռեկտոր… նշանակում է լինել կամակատար, որ արդարացրեց վերջապես դեռևս 2018թ. իշխանությունների սկսած պայքարը՝ ԵՊՀ-ում տիրող արժեքների դեմ…

Ցավում եմ, պարոն Հովհաննիսյան, ցավում եմ, որ և՛ ԵՊՀ Ձեր առաջին քաղաքական «մուտքի» ժամանակ, և՛ այսօր, երբ ԵՊՀ ռեկտորն եք, և՛ վստահաբար վաղը, երբ կստիպեն լքել էդ աթոռը, նույն խոսքերն եմ Ձեզ ասում՝ ԲՈՒՀը քաղաքական թատերաբեմ չէ… չնայած Դուք Ձեր համար գրված դերը առանց վերապահման խաղում եք…»

Տեսանյութեր

Լրահոս