
Զելենսկին և Մերցը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության և եվրաինտեգրման հարցերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և շնորհակալություն հայտնել Գերմանիային ռազմական աջակցության, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման համար, որոնք ամեն օր պաշտպանում են ուկրաինացի խաղաղ բնակիչներին։
«Մերցին տեղեկացրել եմ Ռուսաստանի վերջին հարձակումների մասին և խոսել մեր անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք արդեն մեկ հարձակման ընթացքում կարողանում են ոչնչացնել տասնյակ «Շահեդ» անօդաչուներ։ Շնորհակալ եմ մեր անօդաչու սարքերի արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու պատրաստակամության և մեր ժողովրդին ուղղված աջակցության խոսքերի համար», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Զելենսկին «X»-ի միկրոբլոգում։
Նա նշել է, որ քննարկվել են նաև ռազմի դաշտում տիրող իրավիճակը, Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
«Գերմանիան այն երկիրն է, որն ունի բավարար ազդեցություն և հեղինակություն՝ մեզ օգնելու բացել ճանապարհը դեպի Եվրամիություն։ Այդ իսկ պատճառով մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի հաստատակամ ու վճռական դիրքորոշումը», – գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հայտնել է, որ ինքը և Գերմանիայի կանցլերը պայմանավորվել են պահպանել մշտական կապ և շարունակել համատեղ աշխատանքը հանուն խաղաղության և անվտանգության։