Բաժիններ՝

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորումը, իրավիճակն Իրանում և Սիրիայում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանգամանորեն քննարկել են ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Կուալա Լումպուրում նրանց հանդիպման արդյունքները:

Ըստ հաղորդագրության՝ զարգացնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը և Ռուբիոն «հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգի և աշխարհում ստեղծված իրադրության հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ դիրքորոշումները»:

«Կայացել է կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», – նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

«Հաստատվել է կոնֆլիկտային իրադրությունների խաղաղ լուծումների, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար  համագործակցության, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների վերականգնման երկուստեք տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը։ Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի կարևորությունը», – ասել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Նախարարությունում նաև հավելել են, որ «կշարունակվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ»:

Լավրով-Ռուբիո հանդիպումը տեղի է ունեցել Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս