
Փաշինյանը ոտնակոխ է անում սեփականության պաշտպանության սկզբունքը. Նա ՀԷՑ հաստիքների «ճակատագիրը» «տնօրինելու» իրավունք չունի. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Պետության ու պետականության մասին անվերջ խոսող վարչապետ Փաշինյանը գործնական մակարդակում ոտնակոխ է անում պետականության համար կարեւորագույն, ինստիտուցիոնալ նշանակության հասկացություններ, ինչպիսին սեփականության իրավունքի պաշտպանությունն է:
Սեփականության իրավունքի պաշտպանության ըստ էության երկու հիմնական մեխանիզմ կա՝ սահմանադրական կարգով պաշտպանություն, եւ ավտորիտար կամ տոտալիտար կարգով պաշտպանություն:
Նիկոլ Փաշինյանը այսօր գրառում է անում, որով «տնօրինում» է ՀԵՑ հաստիքների «ճակատագիրը»՝ ոմանց ազատում աշխատանքից, ոմանց ընդունում աշխատանքի, չունենալով այդ ամենի համար իրավունք, եւ փաստացի ոտնակոխ անելով սեփականության պաշտպանության սկզբունքը:
Ըստ էության, Փաշինյանը փաստացի ազդարարում է, որ Հայաստանում պաշտպանված կարող է լինել միայն իր քաղաքական ուղեծրին լոյալ սեփականությունը: Այսինքն, Հայաստանում սեփականությունը կարող է պաշտպանված լինել ավտորիտար կամ տոտալիտար սկզբունքով:
Հասկանալի է, որ խոսքը խոշոր սեփականության մասին է: Միջին ու մանր սեփականությունը գոնե առայժմ կարծես թե այդ իմաստով անձեռնմխելի է, թեեւ բացառված չէ, որ խոշորների հարցում «ինստիտուցիոնալ» լուծումից հետո, հերթը կիջնի նաեւ միջին ու մանր բիզնեսի դաշտում էլ նույն «կանոնակարգը» հաստատելուն:
Սա ցույց է տալիս երկու բան: Հայաստանի իշխանությունը բացարձակապես մտադիր չէ զբաղվել Հայաստան խոշոր ներդրումներ ներգրավելու տնտեսա-քաղաքական աշխատանքով: Որովհետեւ, մեթոդաբանության դեպքում, որով ներկայումս գործում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում խոշոր ներդրում անելու մտադրություն կունենա միայն այն ներդրողը, որը կունենա Փաշինյանի քաղաքականությունը «խրախուսելու» որեւէ մոտիվ կամ գուցե հանձնարարություն:
Հակառակ պարագայում, քաղաքական նկատառումով սեփականության իրավունքի ոտնահարումը պարզապես սպանում է որեւէ խոշոր ներդրողի տնտեսական մոտիվացիա: Առավել եւս, երբ մի շարք իրողությունների բերումով Հայաստանի հարցում այդ մոտիվացիան այդքան էլ մեծ չէ:
Ինչ խոսք, զուգահեռ կլինեն այնպիսի «հնչեղ» նախագծեր, որոնք կպարունակեն ԱյԹի ամպագորգոռ բնորոշումներ, մի քանի հարյուր միլիոնանոց վիճակագրությամբ, եւ այլն: Բայց, դրանք Հայաստանի տնտեսության գործուն կենսունակության համար ունեն գրեթե զրոյական նշանակություն, որովհետեւ այդ նախագծերը ըստ էության ծառայելու են դրսի տնտեսությունների արդյունաբերական-արտադրական ներուժին, ոչ թե Հայաստանի: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում չկա այդ նախագծերը «կլանելու» ունակ արդյունաբերական-արտադրական ներուժ:
Եվ թերեւս չի էլ լինի, հաշվի առնելով այն, թե ինչպես է քաղաքական իշխանությունը վարվում սեփականության պաշտպանության իրավունքի հետ:
Ընդ որում, ամփոփեմ, որ այդ վարմունքը ներկայումս է ստացել ագրեսիվ դրսեւորում, բայց իրականում եղել է 2018-ից ի վեր, որովհետեւ «թալանի», «թավիշ-չթավիշի» ամբողջ օրակարգը հենց այդ վարմունքի օրակարգն էր:
Հակառակ դեպքում, Հայաստանի նոր իշխանության խնդիրը պետք է լիներ զբաղվել ոչ թե պոպուլիստական այդ ժանգլորությամբ, այլ իշխանություն-հանրություն-կապիտալ եռանկյունու միջեւ ինստիտուցիոնալ եւ արժեհամակարգային համերաշխության խնդիրներով:
Այդ մասին հիմա չէ, որ խոսում եմ: Խոսել եմ եւ գրել այն ժամանակից: Ցավոք, այդ թեմայով արտահայտվում էին հանրային ու քաղաքական փոքրաթիվ խմբեր: Մեծամասնությունը սպառում էր «թավիշ-չթավիշը»»: