Ռուբեն Հայրապետյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց. դատախազը գործուղման էր

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի  մեկնարկին հանրային մեղադրողը միջնորդեց հետաձգել նիստը՝ կապված Սահմանադրական դատարանի՝ (ՍԴ) «Ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի» սահմանադրականության վերաբերյալ որոշման հետ: Դատախազությանը, պարզվեց, ժամանակ է պետք՝ հասկանալու իրենց հետագա մարտավարության նրբությունները:

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Վահագն Դալլաքյանն ասաց՝ ՍԴ որոշումը մեկ ամիս առաջ է եղել:

«Ողջամիտ կլիներ, եթե հայցից հրաժարվեիք, ոչ թե նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնեիք»,- ասաց Վահագն Դալլաքյանը: Նիստը հետաձգվեց:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստը սակայն տեղի չունեցավ. Դատախազության ներկայացուցիչը գործուղման էր մեկնել: Ներկայացել էր այլ դատախազ, որն էլ միջնորդել էր հետաձգել նիստը, ինչը և դատավոր Բադալյանը բավարարել էր:

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը, սակայն, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատախազի՝ գործուղման մեկնելը չէր խանգարում, որ նա գրավոր դիրքորոշում ներկայացնի դատարանին հայցից հրաժարվելու վերաբերյալ, ինչը չի արել:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից և Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ. հոկտեմբերին ներդրված 6 մլն 897.30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ. սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն՝ ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ. սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523.641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600.496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58.104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710.903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն 898.520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն 394.375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96.375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն 318.393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119.266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702.500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568.580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74.606 չվերադարձված մասից 193 մլն 829.510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս