
Այսօրվանից դադարեցվում է Գերմանիայի դեսպանությունում անձամբ հարցազրույցի ներկայանալու կարգը

ՀՀ-ում Գերմանայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հիշեցնենով, որ 2025 թվականի հուլիսի 1-ից դեպի Գերմանիա ճամփորդելու համար Շենգենյան վիզայի կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին առաջարկում են դիմումների ընդունման լավարկված ծառայություն՝ TLS Contact ընկերության միջոցով։ Այդպիսով 2025 թվականի հուլիսի 1-ից կդադարեցվի Գերմանիայի դեսպանությունում անձամբ հարցազրույցի ներկայանալու կարգը։
«Դրա փոխարեն Դուք Ձեր դիմումները կարող եք հանձնել ժամանակակից, նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված կենտրոնում։ Կենտրոնի աշխատակիցները ուրախությամբ կսպասեն Ձեր այցին։
Ստորև ամփոփ ներկայացնում ենք ամենակարևոր տեղեկությունները․
1️⃣ TLS Contact-ը 🇦🇲-ում միակ գործակալությունն է, որը վիզայի դիմումներ է ընդունում հատուկ 🇩🇪 պատվերով։ TLS Contact-ը Շենգենյան վիզայի դիմումներ է ընդունում նաև դեպի Շվեդիա, Բելգիա կամ Լյուքսեմբուրգ ճամփորդությունների համար 🇸🇪 🇧🇪 🇱🇺
Դեսպանությունը և TLS Contact ընկերությունը չեն համագործակցում Հայաստանում որևէ ճամփորդական գործակալության հետ։
2️⃣ TLS Contact-ը պատասխանատու է դիմումների և կից փաստաթղթերի ընդունման համար, որոնք նա փոխանցում է դեսպանությանը։ Վիզա տրամադրելու որոշումը, ինչպես և նախկինում, կայացնում է միմիայն դեսպանությունը՝ ղեկավարվելով եվրոպական համընդհանուր կարգավորումներով՝ Վիզայի կոդեքսով, և Հայաստանի հետ «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրով»։ Ձեր անձնագիրը Դուք հետ կստանաք TLS Contact-ից։
3️⃣ Եթե Դուք արդեն հերթագրված եք դեսպանության Շենգենյան վիզայի սպասելացուցակում, ապա կարիք չկա որևէ բան ձեռնարկելու, քանի որ TLS Contact-ը կապ կհաստատի Ձեզ հետ։
4️⃣ Այս փոփոխությունները չեն վերաբերում երկարատև կացության, օրինակ՝ Գերմանիայում ուսանելու կամ ընտանիքի վերամիավորման համար տրվող Ազգային վիզաներին։
Ազգային վիզայի դիմումները հետայսու ևս ընդունելու է Գերմանիայի դեսպանությունը։
ℹ Հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել TLS Contact-ի և Գերմանիայի դեսպանության կայքերից»։