
«Փաշինյանն ամեն ինչից վախենում ու վտանգ է տեսնում. ձախողելու են, իշխանության գործի դրված այս մեթոդներն ուղղվելու են իրենց դեմ». Մեխակ Մխիթարյան

Վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Սրբազան պայքարի» աջակիցների, ՀՅԴ-ականների բնակարանները։ Պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի բնակարանում ևս ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություններ են կատարում։ Դրանց հաջորդեցին ձերբակալությունները։ Ձերբակալվել է նաև Բագրատ սրբազանը։
Առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե իբր «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։
«Սրբազան պայքարի» աջակից, ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը ուշադրությամբ հետևում է բոլոր այն գործընթացներին, որոնք վերջին օրերին տեղի են ունենում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք փորձում են իրենց դժգոոհություններն արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։
«Ուզում են այս գործողություններով ընդհանուր վախի մթնոլորտ ստեղծել հասարակության շրջանում, որպեսզի ընդդիմադիր հայացք ունեցող անձանց ինչ-որ տեղ շեղեն, քանի որ Հայաստանում դժգոհությունների մթնոլորտը շիկացած է՝ ազգային արժեքների այսպիսի ոտնահարումը, Սամվել Կարապետյանի կալանավորումը, եկեղեցու դեմ արշավը և այլն, այս ամենն ըմբոստություն է առաջացրել մարդկանց մոտ։ Կայծ է պետք, որպեսզի պոռթկումը տեղի ունենա։
Ակնհայտ է, որ այս գործողություններով իշխանություններն արտահայտում են իրենց վախերը։ Սա բնորոշ է պարանոիկ ղեկավարներին, մասնավորապես՝ Ստալինին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Մխիթարյանը։
Շարունակելով միտքը՝ ԳԽ նախկին պատգամավորն ասաց, որ, օրինակ, Ստալինն իր կառավարման վերջին տարիների ընթացքում բոլորին կասկածում էր, ամեն ինչից վախենում էր, իզոլացվել էր հասարակությունից, միայնակ ապրում էր ամառանոցում և նույնիսկ սեփական խոհարարներին չէր վստահում, նրանցից ջուր չէր վերցնում։
«Հիմա Փաշինյանի մոտ այս վիճակն է, նա ամեն ինչին կասկածում է, ամեն ինչից վախենում է ու վտանգ է տեսնում։
Ինքս երկրների պատմության մեջ չեմ հիշում դեպք, երբ երկրի ղեկավարը նման ռեպրեսիվ միջոցներով ճնշի հանրության դժգոհությունները։ Սովարաբար այդ ամենը տվել է հակառակ արդյունքը։ Ձախողվելու են, և այդ ամենն ավելի է համախմբելու մարդկանց, դառնալու են ավելի ըմբոստ։
Իշխանությունների կողմից գործի դրված մեթոդներն ուղղվելու են իրենց դեմ, հակառակ էֆեկտն է ունենալու։ Այս մեթոդներով հնարավոր չէ կասեցնել ժողովրդի ցասումն ու բողոքը, իրենք դրա հակառակ ազդեցությունը շուտով կզգան»,- ընդգծեց Մեխակ Մխիթարյանը։
Նշենք, որ ձերբակալվել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, այս պահին դարարանը քննում է նրան կալանավորելու հարցը։