Այդ հեղաշրջման պլան կոչվածն իշխանությունն է կազմել՝ արևմուտքին ցույց տալու, թե, իբր, հեղաշրջում է կանխում. Մելիքյան

«Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» խորագրով քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում Արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը նշեց, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելով, այսօրվա իշխանությունները մանիպուլյատիվ մոտեցումներով փորձում են ցույց տալ, որ իրենց սկսած արշավը եկեղեցու դեմ չէ՝ որպես կառույցի, այլ՝ անհատների, թիրախավորելով Վեհափառին և բարձրաստիճան այլ հոգևորականների, մինչդեռ միտումը շատ պարզ է:

«Այդ ամենն ուղղված է բուն կառույցին, ինստիտուտին, հայ ինքնության հետ ուղղակի կապված կամ հայ ինքնության երաշխավոր հանդիսացող կառույցին, որպեսզի թուլացնի, իջեցնի դիմադրողականությունը: Եվ, առհասարակ, անել այնպես, որ հասարակությունն այս խոր անտարբերության մեջ շատ ավելի անտարբեր դառնա, չմտածի, թե ինչ սպառնալիքների առջև է կանգնած Հայաստանի Հանրապետությունը»,- շեշտեց նա՝ հավելելով, որ եթե ճանաչում ես ինքնությունդ, դրանում պարփակված է ամեն ինչ՝ հավատ, պատմություն, ժառանգություն, ավանդույթներ, ինչը հնարավոր է պահպանել միասնականությամբ:

«Այդ միասնականությունը պիտի ջարդեն, պատառոտեն, պատառիկների բաժանեն, որպեսզի ավելի հեշտ լինի կուլ տալ: Կրկնում եմ՝ չի հաջողվելու: Այն, ինչ այսօր իշխանությունները ձեռնարկել են, առոչինչ է լինելու, որովհետև ժողովուրդը հրաշալի հասկանում է, և խոսքը միայն հավատացյալ ժողովրդի մասին չէ, այլ՝ հայ ժողովրդի»,- ասաց Վահագն Մելիքյանը:

Անդրադառնալով իշխանությունների հրապարակած ընդդիմության, այսպես կոչված՝ «հեղաշրջման պլանին», Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիրն այն որակեց կրկեսային բեմադրություն, որտեղ նորելուկ տեխնոլոգների կողմից ծնված հիվանդագին ու անհասկանալի մտքեր են:

Կարդացեք նաև

«Դա հիմք է պատրաստում հերթական ռեպրեսիվ շարքերի: Պետական ռեպրեսիվ մեքենան այսօր առավոտից արդեն գործի է դրվել»,- ընդգծեց Արտակարգ և լիազոր դեսպանը:

Նշենք, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Սրբազան պայքարի» աջակիցների և ՀՅԴ անդամների բնակարաններում, գործողություններ են իրականացվել նաև Բագրատ Սրբազանի կեցավայրում:

Վահագն Մելիքյանը չի անտեսել նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը:

«Առաջին հայացքից թվում էր, որ բավականին հաջողակ գործարար է, և հրաշալի կարող էր իր կյանքը վայելել, շատուշատ գործարարներ ունենք նման, որ բերանները «ջուր լցրած» և վախով, որ հանկարծ իրենց բիզնեսներին արգելքներ և խանգարիչ հանգամանքներ չառաջանան, իսկ այս իշխանություններն ամեն ինչի ունակ են: Էլ չասեմ, որ նախապես արդեն մեսինջերներով տարածել են՝ եթե հանկարծ տեղներիցդ շարժվեք, իմացեք, որ 1 րոպե հետո հարկայինը մտնելու է ձեր մոտ:

Եվ հիմա Սամվել Կարապետյանի կալիբրի մարդը մի կողմ է դրել այդ հսկայական ունեցվածքը, միլիարդավոր դոլարները և եկել-կանգնել է՝ որպես հայ զավակ, որպես հայ մարդ, որովհետև ինքը հայելու առաջ պատասխանել է այդ հարցին՝ ես հայ եմ, և վերջ, և իմ ինքնությունով, հավատով, հայրենասիրությամբ եկեղեցու կողքին կանգնած եմ, այսինքն՝ երկրիս կողքին»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս