«Շատ թշնամական ժամանակներ են անցել, սրանք էլ կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը կմնա». Բագրատ սրբազան

«Այս տոնը մայր տաճարի հիմնադրության մասին է, որի հիմքը դրվել է 301 թվականին և ավարտվել 303 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և Տրդատ արքայի անմիջական մասնակցությամբ։ Ըստ պատմիչի, Տրդատ արքան Արարատից մեծ քարեր շալակած բերել ու հիմնադրել է Սուրբ Էջմիածինը, իսկ Աշխեն թագուհին իր փեշի մեջ լցրած հողեր էր բերել ու լցրել տաճարի հիմքերին»,- այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի խորհրդի մասին, որը նշվում է այսօր։

Բագրատ սրբազանի բնորոշմամբ՝ Սուրբ Էջմիածինը հայ ազգի արարատացումն է, Էջմիածնից են ծնվել բոլոր հաղթանակները։

«1937 թվականին, երբ մեծ հալածանքներ էին հայ եկեղեցու նկատմամբ, զրպարտվում ու գնդակահարվում էին մեր սրբազանները, հայոց կաթողիկոսը, ում շիրիմն այստեղ է՝ Խորեն Մուրաբեկյան կաթողիկոսի, ում խեղդամահ են արել այս շենքում և Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը և այլ գնդակահրվում էին Պետական անվտանգության կոմիտեի նկուղներում, նրանց հոգևոր եղբայրներից մեկը՝ Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանն իր վերջին վայրկյանի նշանակավոր խոսքերն է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ։ Ասել է՝ մեծ է Սուրբ Էջմիածնի պատմությունը, ներկայությունը հայ ազգի պատմության մեջ։ Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնե, մենք էլ կանցնենք, բայց Էջմիածինը կմնա հավիտյան։ Այսօրվա խորհուրդը հաղթնակի խորհուրդն է»,- շեշտեց Բագրաստ սրբազանը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից եկեղեցու, հոգևոր դասի թիրախավորմանը, Բագրաստ սրբազանն ասաց, որ սրբազանները մահ ու հալածանք են տեսել, ամեն ինչ են տեսել։ Պատմությունը կրկվում է, բայց ոչինչ չի կարող սասանել Սուրբ Էջմիածինը, ո՛չ հայոց եկեղեցին ո՛չ էլ նրա ծառայողներին։

Կարդացեք նաև

«Թե ինչ է իշխանությունների նպատակը՝ հարցրեք իրենց և իրենց հայրերին, քանի որ ստի հայրը սատանան է, հարցրեք իրենց մտքին ու հոգուն, քանի որ սև խավար է դրված։

Մեկը կար, որ ուրբաթ օրը գտնվում էր Թուրքիայում, մեծ եղբոր կամ հոր մոտ, չգիտեմ, այս բակում որևէ կերպ չեմ ուզում այս մասին խոսել։ Իսկ ՀՀ-ում տեղի էր ունենում մեծ հիստերիա և այդ ցնցումները բերել էին նրան, որ՝ հասկանալով, կան մարդիկ, ուժեր, որոնք ազգով ու հոգևոր կյանքով տոգորված ապրում են, ձգտում են հաղթանակի»,- ընդգծեց Բագրատ սրբազանը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ին նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Այս առիթով բազմաթիվ հավատավոր հայեր «Զվարթնոց» տաճարից երթ են կազմակերպել դեպի Մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու, որը վերջին շրջանում ենթարկվում է ՀՀ իշխանությունների հարձակումներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս