«Ես չեմ հավատում, որ ուժային կառույցում ուսադիրի տակ գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, ով կլինի ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ՆԳ նախարար, դատախազ, դատավոր՝ բոլորի դեմքին կպցնում են Նիկոլ Փաշինյանի դիմակը և բոլորին դիտարկում են այդ տեսանկյունից։

«Ես չեմ հավատում, որ ուսադիրի տակ գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը։

Կհիշե՞ք, երբ ես նոր էի զբաղվում քաղաքականությամբ և նոր էի դուրս եկել ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Փաշինյանն ինձ մեղադրում էր հիբրիդային հեղաշրջում անելու փորձի մեջ։ Դե այս մարդու մտահորիզոնը չի աճել ու զարգացել։ Իր լսարանի համար ինչ-որ բառեր է ասում, որ մտածեն, թե ինքը լուրջ գործով է զբաղվում, այնինչ նա ձախողել է բոլոր ոլորտներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը, ով նույնպես Սամվել Կարապետյանի աջակցության նպատակով գտնվում է դատարանի բակում։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն իշխանությունից թանկ, այլ  բան չունի։

Կարդացեք նաև

«Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ձերբակալեց Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը մի հարցազրույց է տվել ու ասել է մեկ նախադասություն, որը, վստահ եմ, որ Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ նույն նախադասությունը կասեր։ Ասել է, որ եկեղեցու կողքին է։

Իշխանություններն ինձանից հետո սատանաներ էին ման գալիս, հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ծաղրում էր ԱԱԾ-ին, պաշտոնական հարցում էին ուղարկում, թե ի՞նչ փուլում է գտնվում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ԱԱԾ-ին՝ սատանաներ որսալու հարցում։

Իմ օրոք շատ հանձնարարություններ տվել է, դուք հիշում եք, թե ես ինչպես եմ արձագանքել։ Ինձ հանձնարարվել է հայտնաբերել ֆեյք օգտատերերին ու ձերբակալել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինները մի քանի ժամ խուզարկում էին հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող առանձնատունը։ Այս խուզարկությունը հաջորդեց նրան, երբ Սամվել Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ՝ ասելով, որ անթույլատրելի են իշխանության հարձակումները եկեղեցու վրա։

Տևական ժամանակ հետո՝ այսօր լուսադեմին, իր առանձնատնից Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացին ոստիկանության բաժին։ Առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Այս պահին դատարանի բակում հավաքված են Սամվել Կարապետյանի աջակիցները, հարազատները, ընկերները։ Նրան աջակցելու համար այնտեղ են նաև մի խումբ հոգևորականներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս