
Իմպիչմենտի ճանապարհով ընտրված վարչապետը կունենա ազգային օրակարգ. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը զավեշտ է համարում գործող իշխանության ադեկվատության մասին խոսելը:
«Թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ ենք տեսել այդ ոչ ադեկվատության արդյունքները, թե՛ քովիդի կանխարգելիչ գործողությունների բացակայության, թե՛ հետպատերազմյան վիճակում, թե՛ քաղաքական հարթակներում, որտեղ նրանք հրաժարվեցին Արցախից… Այս իրավիճակում հիմա անհասկանալի գործողություններ է իրականացնում նաև Թուրքիայի հետ շփումներում, որ մենք չենք իմանում՝ ինչ են բանակցում, ինչ քայլերի հերթականություն են նախապատրաստել»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նա տարածաշրջանում առկա իրավիճակը համարում է պայթյունավտանգ. «Այս իրավիճակում ՀՀ համար կենսական նշանակություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ վարչապետ, այլ իմպիչմենտի գործընթացով սահմանադրական ճանապարհով ընտրվի վարչապետ, որը կունենա ազգային օրակարգ, որը ոտնահարել է, ոտնահարում է և ոտնահարելու է Նիկոլ Փաշինյանը: Մենք տեսնում ենք նրա հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա և անգամ այն բարերարների, որոնք քայլեր են ձեռնարկել, որ օտար երկրներում ձևավորեն հայկական ճակատ, այնպիսի իրավիճակ, որ մեր ավանդույթները շարունակական լինեն Սփյուռքում, նա այսօր նախահարձակ եղավ: Իր ոչ հայանպաստ գործողություններով փորձում է մասնատել հայ հասարակությանը, որ կարողանա հաղթել այն հայ հասարակությանը, որին խաբեց՝ ասելով, թե բերելու է սեր և համերաշխություն, բայց բերեց պատերազմ և կռիվ, հիմա պատերազմը և կռիվը նա ուզում է բերել նաև հոգևոր առումով, այսինքն՝ ֆիզիկական մահը նա ուզում է նաև բերել հոգևոր մահի»:
Մանրամասները՝ տեսանյութում