Տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան

«Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է»,- այսօր «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերելու»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները և Հայաստանի համար հնարավոր հետևանքները՝ նա նշել է, որ Հայաստանը դեռևս ժամանակներ առաջ սկսել է նախապատրաստվել հնարավոր սցենարներին։

Լրագրողի հարցին, թե ստեղծված իրավիճակում կա արդյոք Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկ` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ զորավարժությունները Նախիջևանում, Գրիգորյանը պատասխանեց, որ տարբեր սցենարներ են քննարկում։

«Մենք դեռևս ժամանակներ առաջ սկսել ենք նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ Ըստ այդ սցենարի` նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, դրանց շրջանակներում պլանավորումներ ենք կատարել։ Այսինքն` ըստ սցենարների` մենք ունենք պլանավորում և ըստ այդ պլանի կշարժվենք»,- ասաց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ ցանկացած էսկալացիա ապակայունություն է բերում տարածաշրջանում, և որևէ դրական բան չի կարող լինել նման էսկալացիաների տարբերակում ։

«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում և ոչ մի օգուտ տարածաշրջանին չի բերելու», – ասաց Գրիգորյանը։

Նա հույս հայտնեց, որ հարցը հնարավորինս շուտ կկարգավորվի խաղաղ ճանապարհով։

Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով առաջնագծում տիրող իրավիճակի և Ադրբեջանի կողմից հարձակման հնարավորության մասին հարցին` Գրիգորյանը նշեց, որ այս պահին նման տեղեկություն չկա։

Միևնույն ժամանակ Գրիգորյանը չշտապեց գնահատել Իսրայելի հարձակման հետևանքները Հայաստանի համար, նա առաջարկեց սպասել իրավիճակի զարգացմանը։

«Կարծում եմ՝ մեզ որոշակի ժամանակ է պետք գնահատելու համար, թե ինչ ազդեցություն կունենա այս հարձակումը տարածաշրջանային անվտանգության վրա», – ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է, Գրիգորյանը պատասխանեց` այս պահին չի պլանավորվում, բայց ըստ իրավիճակի կքննարկեն, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրեն։

Տեսանյութեր

Լրահոս