Բաժիններ՝

«Փոքր թերություն կարող է բռնեն ու ասեն՝ սպասիր, ապրանքդ ուղարկում ենք անալիզի. այս քայլով ուզում են ասել՝ փողը տուր, սահմանն անցի». ջերմոցատեր

Նախորդ շաբաթ Новости-Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը, հայտնել էր, որ Հայաստանից ներկրված սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի մուտքը Վրաստանի տարածք թույլ չեն տվել այն բանից հետո, երբ «բույսերում  կարանտինային վնասատու են հայտնաբերել»։

Մխչյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բարսեղյանը, ով զբաղվում է ծաղիկների մշակմամբ և ունի ջերմոցային տնտեսություններ, 168.am հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նման խնդրի մասին տեղեկացել, նախկինում երբեք չի լսել, որ այդպիսի բան է տեղի ունեցել։

«Մեզ փոխանցել են, որ այդ հարցն արդեն լուծել են, որովհետև հայկական կոնյակի հետ էլ խնդիր կար։ Սա առհասարակ Վրաստանի հետ կապ չունի, տրանզիտ բեռ է գնում՝ Վրաստանով դեպի Ռուսաստան։

Վրաստանի համար՝ միայն զենք ու թմրանյութեր չլինեն, իրեն այլ բան չի հետաքրքրում, թույլ է տալիս մուտքը։ Բայց Ռուսաստան ինքնաթիռներով ծաղիկներ տանում են Հայաստանից»,- նշեց Անդրանիկ Բարսեղյանը։

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ այս  պահին արտահանման հետ կապված խնդիրները որոշ առումով կապված են միայն Ռուսաստանի հետ, երբեմն ծաղիկն այնտեղ հասցնելու համար օրեր են պահանջվում, եթե, իհարկե, ինքնաթիռով չեն իրականացնում տեղափոխությունը։

«Հիմա ծիրանի սեզոնն է արդեն, արհեստական խոչընդոտներ են ստեղծում սահմանին՝ ֆիտոսանիտարական փաստաթղթերի կնիքի համար այն ժամանակ տալիս էին 10-20 հազար ռուբլի, հիմա այնպես են անում, որ այս գինը բարձրացնեն։ Չգիտեմ, մի փոքր թերություն կարող է բռնեն ու ասեն՝ սպասի, ծաղիկդ կամ ապրանքդ ուղարկում ենք անալիզի, մի շաբաթ կարող ենք սպասել։ Դե, մի շաբաթ ծաղիկը մնա սահմանին, ի՞նչ պետք է լինի։ Այսինքն՝ այս քայլով ուզում են ասել՝ փողը տուր, սահմանն անցի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, ՀՀ ներքին շուկայում հնարավոր չէ մեծ քանակով ծաղիկներ վաճառել։  «Ներքին շուկայում «աբյոմն» այդքան մեծ չէ, Հայաստանը 3 մլն բնակչություն ունի ընդամենը։ Արտադրված ծաղիկն էլ շատ է, հնարավոր չէ, որ մեր հույսը միայն ներքին շուկայի վրա դնենք։ Էկոնոմիկայի նախարարությունից ասում են, որ աշխատում են, որպեսզի խնդիրներ չլինեն»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Իրանից ծաղիկների ներկրմանը, որից տեղի արտադրողները բողոքում էին, մեր զրուցակիցը փոխանցեց.

«Իրանից այս պահին ծաղիկներ չեն բերում, գիտեք՝ ինչպես է, երբ ծաղիկն էժանանում է, Իրանից այլևս ծաղիկ չի մտնում Հայաստան, հիմա ծաղիկի էժան սեզոնն է, բիզնեսին ձեռնտու չէ»։

Տեսանյութեր

Լրահոս