«Կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին. սա ճահիճ է. տեսնում եմ բոլոր վտանգները». Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին դատարանում էր, այս անգամ՝ «Իսակովի հողերի» գործով։

Մինչև դատական նիստերի դահլիճ մտնելը, 168.am-ը Երրորդ նախագահից հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի իշխանությունների կողմից Առաքելական եկեղեցու և Վեհափառի թիրախավորման վերաբերյալ։

«Ի՞նչ դիրքորոշում ես պետք է ունենամ, այդ խայտառակության հանդեպ ես ի՞նչ դիրքորոշում կարող եմ ունենալ։ Պա՞րզ չէ, որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Հաջորդ հարցին՝ ՀՀԿ-ն ըստ անհրաժեշտության՝ կպաշտպանի՞ Առաքելական եկեղեցուն, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Մենք այս հարցում կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը»։

Երրորդ նախագահի կարծիքով՝ իշխանությունների այս քայլերի առիթ է հանդիսացել Շվեյցարիայում Վեհափառի ելույթը և միջոցառումը, բայց սա ամբողջովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ։

«Հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, Հայ Առաքելական եկեղեցուն վարկաբեկելով՝ նույն շղթայի տարբեր օղակներ են, այստեղ զարմանալու որևէ բան չկա»,- ասաց Երրորդ նախագահը։

Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, Սերժ Սարգսյանն ասաց՝ նրան են առաջադրել, քանի որ արժանի է։

«Դավիթ Համբարձումյանն ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։

Մենք ում էլ առաջադրեինք՝ մեծ հակազդեցության էր արժանանալու, և այս մասին ես ձեզ ասել եմ։ Երբ հարցրել եք՝ ինչո՞ւ թեկնածու չեք առաջադրում, ես պատասխանել եմ, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ հիմա դրանում համոզվեցիք։

Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության, սա ճահիճ է, ճահիճ»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, Երրորդ նախագահը պատասխանեց՝ բոլոր վտանգները տեսնում է։

«Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս